Hraparak.am-ը գրում է.

Դատախազությունը Երեւանում զավթված այգիները երեւանցիներին վերադարձնելու մեծ ու բարի գործ է սկսել՝ հայցեր է ներկայացնում դատարան, վիճարկում է համայնքների ղեկավարների ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույք: Վիճահարույց գործարքներից են համարվում Դավթաշենում գտնվող «Ռիբոկ» ֆիթնես ակումբի հողամասը ֆիզիկական անձին օտարելու, կայարանամերձ հրապարակում գտնվող «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման եւ դրանց օտարման գործընթացները: Կան հայցեր, որոնք վերաբերում են օտարման ոչ ենթակա տարածքների օտարումներին՝ Ուսանողական այգուց «Յանս» ակումբին հատկացված հողամասին, «Կոմիտաս» զբոսայգու, Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը, որը, Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, եւ այլն: Եթե փոքր-ինչ խորանանք՝ այս բոլոր հայցերի հետեւում նախկիններն են կանգնած։

«Վարդավառ» զբոսայգու վերաբերյալ, որը 2002 թվականին օտարվել էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներին պատկանող «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ին, քրեական գործ էր հարուցվել դեռ 2019 թվականին: Մհեր Սեդրակյանն այն ժամանակ Էրեբունու թաղապետն էր: Ըստ գործի նյութերի՝ այգում ապօրինի գարեջրատուն եւ այլ շինություններ են կառուցվել: Սեդրակյաններն էլ պատճառաբանում էին, թե դրանք զբոսայգու տարածք փաստացի չեն եղել, եւ որ Վարդավառի այգին իրենք լավ են խնամել, այնտեղ անշահախնդիր ձեւով գումարներ են ներդրել: Ի դեպ, Թոխմախի ափին Մհեր Սեդրակյանը նույնիսկ առանձնատուն ուներ: Այս քրեական գործը քնած է քննիչների դարակներում:

Հաջորդը Ծաղիկ Ռուբոյին պատկանող «Ռիբոկի» հայցն է։ Դատախազությունը հայտնում է, որ իրավունքը գրանցելու պահին «Ռիբոկի» տարածքը հանդիսացել է այգի եւ, որպես այդպիսին, ենթակա չի եղել օտարման, բացի այդ, այնտեղ՝ Տիգրան Պետրոսյան 44/2 հասցեում, ապօրինի ընդլայնումներ են արվել:

Լավ է, որ իշխանությունը ջանք է գործադրում՝ հետ բերելու մայրաքաղաքի ապօրինաբար զավթված տարածքները, բայց ինչո՞ւ է դա անում միայն նախկիններին ցավեցնելու համար՝ քաղաքական խնդիրներ լուծելով: Ինչո՞ւ, օգտագործելով իր լիազորությունը, դատախազությունը մի հայցով էլ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ փոխկապակցված ընկերության զավթած տարածքը չի փորձում հետ բերել։ Ինչպես հայտնի է, Արմեն Ղուլարյանի հետ փոխկապակցված անձանց, նրա ընտանիքի անդամներին պատկանող կազմակերպությունը Կոմայգու մեջ՝ հենց քաղաքապետարանի քթի տակ, ահռելի սրճարան է կառուցում՝ ավերելով 90 տարեկան այգին։ Ղուլարյանների առասպելական հարստության, մասնավորապես Արմեն Ղուլարյանի եղբոր՝ Աշոտ Ղուլարյանի ունեցվածքի մասին բազմաթիվ լրագրողական հետաքննություններ են արվել: Կոմայգին կամ Կիրովի անվան մանկական այգին, որը հիմնվել է 1933 թվականին, 2002-ին 50 տարով վարձակալության է հանձնվել «Սատուրն Ա» ընկերությանը, որի բաժնետոմսերի 30 տոկոսի տերն Աշոտ Ղուլարյանի կինն է, իսկ 20 տոկոսն այլ ազգականների է պատկանում: Դեռեւս Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք երեւանցիները, ակտիվիստները քննադատում էին, բողոքում այգու վիճակից: 2013 թվականին երիտասարդական «Մենք» շարժում կար, որը նպատակ էր դրել պաշտպանել երեխաների իրավունքները եւ դուրս քշել այգուց տարբեր սեռերի մարմնավաճառներին: Այդ երիտասարդները կոշտ քննադատության էին ենթարկում այգու տերերին: Նրանք նշում էին, որ այգու բարեկարգում չի արվում, լուսավորություն չկա, կարուսելները ջարդուփշուր են, այգին անմխիթար վիճակում է, բայցեւայնպես, նախկինների ժամանակ Տավուշի մարզպետ աշխատած Արմեն Ղուլարյանը եւ նրա հարազատները շարունակում են ֆեոդալական իրավունքով տիրապետել այգուն: Այստեղ մեծ թվով ծառեր են հատվել, խոր փոս է փորվել՝ սրճարանի կառուցման համար։

Դեռ մինչեւ իշխանափոխությունը՝ 2017 թվականի մայիսին, Երեւանի քաղաքապետարանը որոշել էր դադարեցնել «Սատուրն Ա» ընկերության շինարարական ամենաթողությունը Կոմայգում: Ընկերությունը դիմում էր ներկայացրել Տարոն Մարգարյանի անունով՝ խնդրելով եւս երկու տարով երկարաձգել շինթույլտվության ժամկետը: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր Ղուլարյանի ընտանիքին պատկանող ընկերությանը, վերջինս դիմել էր վարչական դատարան: 2 տարվա դատական պայքարից հետո մեր հրաշալի դատական համակարգը, արդեն նոր իշխանության օրոք, ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, բավարարել է «Սատուրն Ա» ընկերության հայցը: Այդ ժամանակ Արմեն Ղուլարյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր: Բայց քաղաքապետարանն այնքան էլ հետեւողական չի եղել՝ բացակայել է դատական նիստերից, դատարան չի ներկայացրել իր դիրքորոշումը փաստարկող պատասխան, արդյունքում ապօրինի կառույցն օրինականացվել է:

2019 թվականին դատական ակտով եւս երկու տարով երկարաձգվել է այգում շինարարություն կատարելու իրավունքը, բայց 2 տարին անցել է: Քաղաքապետարանը կարող էր այլեւս չերկարացնել շինթույլտվությունը, ինչը չի արվել: Ի վերջո, դատախազությունը կարող է իր լիազորության շրջանակներում բարձրացնել Կոմայգին վարձակալության տալու հիմքերը, ուսումնասիրել, թե ինչպես է 2002 թվականին «Սատուրն Ա» ընկերությունը ստացել այգին 50 տարով վարձակալելու իրավունքը, եւ հայցով մտնել դատարան, ինչպես արել է «Վարդավառ» զբոսայգու եւ մյուսների պարագայում: Մանավանդ որ՝ ժամանակն է վերանայել 30, 50, 99 տարով այգիները վարձակալության տալու 90-ականների ավանդույթը, որով ոմանք սերնդեսերունդ Երեւանի այգիները տնօրինելու իրավունք էին ստանում, հույսով, որ իրենցից հետո էլ իրենց թոռները կլինեն քաղաքային այգիների տերերը: