Էդինբուրգից Skyrora ընկերությունը սկսել է հրթիռային շարժիչի փորձարկումները, որն արտադրվում է 3D տպիչով, հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տպիչի օգտագործումը կիսով չափ կրճատում է շարժիչի արտադրության ժամանակը եւ նվազեցնում ծախսերը նախորդ մոդելների համեմատ: Եթե շարժիչի փորձարկումները հաջող անցնեն, ընկերությունը նախատեսում է ավելացնել դրա արտադրությունը։
Մարտին Terran 1 հրթիռը, որը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է 3D տպիչի միջոցով, արձակվել է ԱՄՆ-ում, սակայն շարժիչներից մեկի խափանման պատճառով չի կարողացել հասնել ուղեծիր: Relativity Space հրթիռ մշակող ընկերության կայքում նշվում է, որ Terran 1-ի 85 տոկոսը պատրաստվել է 3D տպիչով։