ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է, որպեսզի Վաշինգտոնում հյուրընկալի հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը: Այս մասին  ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց  միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, ով տեսակետ հայտնեց, թե  ԱՄՆ-ն երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը ոչ այս գործընթացում, ոչ առհասարակ որևէ այլ։

«ԱՄՆ-ն չի կարող լինել հիմնական գործընկեր կամ միջնորդ այս բանակցություններում հենց միայն նրա համար, որ նոյեմբերի 9-ի արձանագրությունը ինքը չի ստորագրել, իր խաղաղապահները չեն կանգնած Արցախում։

Այս հայտարարությունը ուղղված է ներքին լսարանին և առաջին հերթին Ռուսաստանին։ Նրանք անընդհատ հայտարարում են, որ շուտով կստորագրվի պայմանագիր, բայց չորս օր արտգործնախարարներին պահում են Վաշինգտոնում և անգամ մեկ մամուլի ասուլիս չեն կարողանում կազմակերպել։ Հետևաբար, սա ընդունենք իբրև քաղաքավարությունից ելնող հայտարարություն»,-ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ ԱՄՆ-ն մեզ բարեկամ պետություն է, որովհետև հայ համայնք ունենք այնտեղ և այդ համայնքը կապող օղակ է մեր և ԱՄՆ-ի միջև, սակայն, ըստ նրա, եթե հստակ դրվում է ընտրություն՝ Ռուսաստան, թե ԱՄՆ՝ որպես ռազմական դաշնակից, ապա, միանշանակ, Ռուսաստան։

«Այո, ԱՄՆ-ի հետ պետք է հարաբերությունները զարգացնել, սակայն ոչ դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին»,-եզրափակեց Բալասանյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում ասել է, թե ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:

Նա հայտարարել է, որ ամերկյան կողմի համոզմամբ՝ «այս պահին, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում քայլերը լարվածություն են հրահրում, և, անկասկած, աանարդյունավետ են: