Փարիզի Նանտեր արվարձանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սպանել է 17-ամյա դեռահասին։ Ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել։ Այս մասին հայտնում են Le Monde թերթը եւ BFMTV հեռուստաալիքը։
Le Monde-ի փոխանցմամբ՝ ոստիկանը 17-ամյա դեռահասից պահանջել է կանգնեցնել մեքենան, որում նա եղել է երկու այլ ուղևորների հետ։ BFMTV-ի փոխանցմամբ՝ ոստիկանը կրակել է դեռահասի վրա, երբ վերջինս հրաժարվել է կատարել նրա պահանջները։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ի առավոտյան։
Ոստիկանության աշխատակիցը ձերբակալվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Սպանված դեռահասի վարած ավտոմեքենայի ուղևորներից մեկը ևս բերման է ենթարկվել, ևս մեկը հետախուզվում է։ Ըստ BFMTV-ի՝ դեռահասին նախկինում տեսել են առանց վկայականի ավտոմեքենա վարելիս, որը հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջները:
Երեկոյան Նանտերում բողոքի ցույց է անցկացվել տեղի ոստիկանության շենքի մոտ։ Ավելի ուշ այն վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդել ավտոբուսի կանգառը և ճայթուկներով հարվածել ոստիկաններին։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, գրում է Le Monde-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։
BFMTV-ի տվյալներով՝ տուժել է առնվազն մեկ մարդ։