Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս մասին հուլիսի 3-ին, Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամում հայտարարել է պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ-ից հայտնում են, որ նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները և սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարևաններից տարածքային պահանջներ չունի և շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն: