Հուլիսի 8-ին Ադրբեջանը վերականգնել էր Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն: Ադրբեջանական կողմն լրիվությամբ անջատել է վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը ասաց, որ իր խորին համոզմամբ, այդ քայլով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ նա կարող է ինչ-որ չափով թույլ տալ, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չլինի, բայց միևնույն ժամանակ անում է ամեն ինչ, որ Արցախում կրքերը ավելի բորբոքվեն, խնդիրներ ստեղծվեն, որը ունի մի նպատակ՝ հիասթափեցնել Արցախում ապրող մեր հայրենակիցներին, որպեսզի կարողանան հասնել իրենց վերջնանպատակին։

«Ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ՝ իբր ինքը կատարում է' Հաագայի դատարանի, ՄԱԿ-ի կամ Եխ-ի ընդունած բանաձևը»,-ասաց նա։

Զրուցակցի խոսքով' այսօրվա իշխանությունը պետք է փորձի այս ամենին հակակշիռ որևէ քայլ ձեռնարկել․

«Բազմիցս կրկնել եմ, որ այս իշխանությունը զբաղված է պոպուլիզմով, այլ ոչ թե իրական աշխատանքներ կատարելով, երբ Ադրբեջանի կողմից գազամատակարարումը վերականգնվեց, Արցախի իշխանությունները, չգիտես ինչու, որոշում ընդունեցին, որ մինչև հուլիսի 11-ը շուրջօրյա էլեկտրամատակարարում կլինի, այստեղ կան խնդիրներ՝ կապված մեր կողմից ոչ ճիշտ լրատվություն հաղորդելու մեջ, այսինքն, եթե հնարավոր է շուրջօրյա էլեկտրամատակարարում և շեշտում են, որ կապված է գազալցակայանների հետ, ապա Ադրբեջանը միջազգային հանրությանը կարող է այն կողմը ներկայացնել, որ տեսեք՝ հնարավորություն ունեն շուրջօրյա էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը, բայց չեն մատակարարում»,-ասաց Դավիթ Գալստյանը և նշեց' համոզված եմ, որ դա այդպես չէ, բայց նրանք այս քայլերով հնարավորություն են տալիս Ադրբեջանին, որ միջազգային հարթակներում նման մանիպուլյացիաներ կիրառեն։

Գալստյանի խոսքով'այսօրվա մեր հիմնական խնդիրը այն է, որ Ադրբեջանը կարողանում է ճիշտ քայլեր անել միջազգային հարթակներում իր կատարած սխալները սրբագրելով, իսկ մեր իշխանությունները, չունենալով հստակ մոտեցումներ, թե ինչ քայլերով պետք է այս իրավիճակից դուրս գալ, կատարում են քայլեր, որը ավելի է խորացնում մեր ճգնաժամը։

Լիլիթ Զալիբեկյան