«Այստեղ խոսքը միայն ռազմավարական բնույթի հարաբերությունների համագործակցության մակարդակը մեկ աստիճան բարձրացնելու մասին է, դա կարող է լինել քաղաքական երկխոսության, դիվանագիտական հարաբերությունների, տնտեսական և այլ ոլորտներում, բայց ոչ ռազմական դաշինքի մակարդակի բարձրացման»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով այն հայտարարությանը, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են լուծել ամենաբարդ խնդիրներից մեկը՝ գործընկերային հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնել։ Հակառակ բազմաթիվ արտաքին գործոնների՝ երկկողմ փոխգործակցությանը ռազմավարական բնույթ հաղորդելու առաջին քայլն արդեն արված է։

Մասնավորապես՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ռազմավարական կարևոր հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսություն սկսելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Պաշտոնապես Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ չեն, սակայն երկու երկրների կառավարությունների ղեկավարները հստակ նշել են իրենց դիրքորոշումները՝ գործնականում ընդլայնել և խորացնել երկկողմ համագործակցությունը, բարձրացնել դրա մակարդակը։

Պետրոսյանի խոսքով` այստեղ ռազմական դաշինքի մասին խոսք գնալ անգամ չի կարող օբյեկտիվ պատճառներով․ առաջինը՝ Հայաստանը գտնվում է ռազմաքաղաքական այն ձևաչափում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, իսկ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, դրան գումարած՝ տարածաշրջանում եղած խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, Արբեջանի և Թուրքիայի էական ազդեցությունը Վրաստանի վրա։

Ըստ բանախոսի՝ նրանք ամեն կերպ խոչընդոտելու են Հայաստան-Վրաստան ռազմական ոլորտում հնարավոր համագործակցության կամ առավել ևս դաշինք ստեղծելու ուղղությամբ աշխատանքները։

«Վրաստանի վրա բավականին մեծ է Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցությունը, բայց, մյուս կողմից, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Վրաստանի կողմից ակտիվ միջնորդությունը որոշակիորեն ազդում է տարածաշրջանային միջավայրի վրա՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով որոշ ոլորտներում՝ հատկապես քաղաքական, տնտեսական, երկկողմ հարաբերությունների սերտացման՝ հաշվի առնելով երկու ժողովրդների պատմական հարևանությունը, բարեկամությունը, ինչու ոչ նաև ընդհանուր սպառնալիքները շատ մեծ ներուժ ունեն»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշեց` Վրաստանի շահը առաջին հերթին տարածրջանում խաղաղության ապահովումն է, որովհետև տարածաշրջանում անկայուն իրավիճակը վտանգում է նաև Վրաստանի շահերը, երկրորդը հաջող միջնորդության պարագայում տարածաշրջանային և ինչու ոչ նաև շատ ավելի լայն մակարդակում վարկանիշի աճն է որպես միջնորդ․

 «Հաշվի առնելով մեր տարածարջանում եղած կոնֆլիկտների առանձնահատկությունները, բնականաբար, Վրաստանը այդքան ներուժ չունի ակտիվ միջնորդություն առաջ մղելու, ուղղակի, կարող է արևմտյան ձևաչափերի շարունակությունը լինել»,-նշեց նա։

 

Լիլիթ Զալիբեկյան