Հայաստանում օգոստոսի 20-27-ը մի շարք ուժային կառույցների աշխատակիցների մասնակցությամբ բանակային խաղերի անցկացման համար կտրամադրվի 43 մլն դրամ, որից շուրջ 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է:
Համապատասխան նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախատեսված է, որ 2023թ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ-ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր՝ մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն Պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները՝ թե կանայք, թե տղամարդիկ: Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել մեկական թիմ:
«Բանակային խաղերում ներառված են լինելու հետևյալ մարզաձևերը՝ բանակային քառամարտ, որն ընդգրկում է ձգումներ պտտաձողից, կանանց դեպքում՝ իրանի ծալում և տարածում, վազք՝ 100 մետր և 3000 մետր, կանանց համար՝ 1000 մետր և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը: Երկրորդ ձևը ռազմականացված կրոսավազքն է, որը կիրականացվի թե անհատական, թե թիմային ձևերով՝ այս պարագայում արդեն փոխանցումավազքի ձևով՝ ամեն կառույցից 3-ական մասնակցով: Լինելու է կողմնորոշում, որն իրականացվելու է որոշակի տեղանքի համար տրվող քարտեզով: Այնուհետև երեք տարբեր հրաձգության ձևեր են՝ ինքնաձիգից, ատրճականից և հրացանից տարբեր դիրքերով»,-ասաց Անդրեասյանը:
Նախատեսվում է, որ առաջինից երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևներով, առաջին տեղը գրաված թիմերը՝ գավաթներով: Առաջին տեղի համար նախատեսված է 1 մլն դրամ պարգև, երկրորդ տեղի համար՝ 500 հազար, իսկ երրորդ տեղի համար՝ 300 հազար դրամ: Փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը կպարգևատրվեն համապատասխան գավաթով, իսկ յուրանքաչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Առաջին տեղի համար յուրաքանչյուր մասնակիցը կստանա 300 հազար դրամ, երկրորդ տեղի համար՝ 200 հազար, երրորդ տեղի համար՝ 150 հազար դրամ:
«Այս նախագծով մեր նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում ենք իրականացնում բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով՝ 43 մլն դրամի չափով: Ընդ որում, սրանից 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևորեց այս միջոցառումը: «Կարևոր եմ համարում, որ ծառայողների համար սոցիալական շփման որոշակի միջավայր ձևավորվի: Շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր հանգամանքների բերումով մարդիկ սոցիալականացման հարթակներ չունեն: Հաջորդ հանգամանքը մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման մի խթան ունենալն է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ ուժային կառույցների փոխադարձ շփումը նաև այսպիսի հարթակներում էականորեն կավելացնի ծառայությունների փոխգործակցության որակը: