ՄԱԿ–ի ԱԽ քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չկար խոսք այն մասին, թե ինչ կլինի, երբ Ադրբեջանն արհամարհի այս կոչը: Իմ կարծիքով՝ քննարկումը և հնչող ելույթների մեծ մասը համարժեք չէին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լրջությանն ու սրությունը: Ելույթները մեծ մասը կրկնվում էին: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Բոլոր ներկայացուցիչներից ամենահստակը Ֆրանսիայի ելույթն էր: Բազմաթիվ այլ երկրներ ևս կոչեր արեցին Ադրբեջանին բացել միջանցքը ու կատարել ՄԱԿ–ի արդարադատության դատարանի որոշումը: Մոզամբիկը խոսեց միջազգային հանրության պատասխանատվության մասին:

Շատ մեծ բացթողում էր, որ չխոսվեց էթնիկ զտման իրական վտանգի մասին, որոնք ապացուցելի են Ադրբեջանի գործողություններով: Չխոսվեց նաև միջազգային մեխանիզմներով Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին: Միայն ռուսական կողմն ակնարկեց երկխոսության մասին՝ բնականաբար չխոսելով միջազգային մեխանիզմների վերաբերյալ:

Փոխարենը որոշ երկրների ներկայացուցիչներ կոչ էին անում Լաչինից բացի օգտագործել այլ ուղիներ, որոշներն էլ նշում էին Աղդամի ճանապարհի դրույթը: Սրա պատճառներից մեկն այն է, որ հայկական կողմը ներկայացնողները ասել են, որ մանդատ չունեն ու այս թեմայով հստակ հակափաստարկներ չեն ներկայացրել, իսկ ադրբեջանական կողմը դա արագորեն մտցրել է օրակարգ:

Արարատ Միրզոյանի ելույթը փաստերով էր հագեցած, կարևոր էր, որ խոսվեց Ցեղասպանության իրական վտանգի մասին, բայց ես չեմ հասկանում, թե ինչու չեն օգտագործվում նույն Ալիևի ելույթներից հատվածներ, որոնք Ադրբեջանի Ցեղասպան քաղաքականության լավագույն ապացույցներն են և ըստ իս՝ շատ տպավորիչ են:

Ադրբեջանի ներկայացուցիչը ավելի շատ պաշտպանվողի դերում էր, փորձում էր ժխտել ներկայացված փաստերը: Իրենք շարունակում են «խաղաղության» իմիտացիա անել՝ կոչ անելով «չխանգարել» իրենց միջազգային կոչերով:

Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Թուրքիան՝ ԵՄ–ի հետ միասին որպես «չեզոք» կողմ խոսում իրավիճակի մասին ու երկրորդում Ադրբեջանի դրույթները: ԵՄ ներկայացուցչի ելույթը ուներ կարևոր արձանագրումներ, խոսվեց նաև Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մասին, կրկին նշվելով «միջազգային մեխանիզմների» մասին դրույթը:

Որպես ամփոփում կարող եմ ասել, որ քանի դեռ չի խոսվում իրական գործողությունների մասին, Բաքուն չի լսելու միջազգային կոչերը և չի գնալու միջանցքի բացմանը: Պետք է լինել հետևողական ու անհոգնել աշխատել Ադրբեջանի դեմ հստակ գործողությունների հասնելու հարցում՝ Արցախում վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով»: