ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել եւ իրականացվել են մի շարք ապացուցողական եւ վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, 2003 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում, թվով 8 անձանց հրամանագրել է նշված դպրոցի տարբեր հաստիքներում /պահակի, հնոցապանի, հավաքարարի/ եւ յուրաքանչյուր ամիս շարունակաբար կազմել, իր ստորագրությամբ եւ դպրոցի կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակության փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի եւ աշխատավարձի վճարային տեղեկագրերը, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ նշված անձանց կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու եւ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ:

Այնուհետեւ, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերն օգտագործելու նպատակով, դրանք հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդյունքում նշված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս, նրանց փոխարեն եւ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները վատնելու եղանակով, հիշյալ անձանց օժանդակությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, հափշտակել է պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14.307.433 ՀՀ դրամ:

Բացի այդ, դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տեւական ժամանակով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու եւ դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները:

Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով նշված աշակերտներին դպրոցից հեռացնելու փոխարեն, դպրոցում աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված ֆինանսավորման չափը չնվազեցնելու շահադիտական դրդումներով, միասնական դիտավորությամբ, հանձնարարել է դպրոցի մանկավարժական անձնակազմին անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել՝ վերջիններիս դպրոց հաճախելու, գնահատականներ ստանալու վերաբերյալ, որից հետո դրանց հիման վրա հետագայում կազմել եւ այդ անձանց է հանձնել հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական վկայականներ՝ այդ կերպ հեղինակազրկելով պետական կազմակերպությունը, խաթարելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

Քրեական վարույթով վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:

Երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ հայտարարվել հետախուզում: Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ վերջինիս մահվան հիմքով:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Վեց մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: