Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության որոշ պատգամավորներ ցանկանում են հասնել Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ այդ գործընթացում ունենալով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) և՛ ֆինանսական, և՛ «մասնագիտական» աջակցությունը։ Նախորդ 5 տարիների ընթացքում, չնայած իրենց գործադրած ջանքերին, դա չստացվեց, և հիմա Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովներն այլ բան են մտածել, այն է՝ կդիմեն խորամանկ քայլի:
Օրերս մամուլը գրել էր, որ ՔՊ կուսակցության հետ ակտիվորեն համագործակցող ԼԳԲՏ ՀԿ-ների փոխանցման՝ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը, շրջանառության մեջ են դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Օրենքի նախագծով առաջարկում են այսուհետ ընտանիքի անդամներ (հետևաբար՝ նաև ընտանիք) համարել զուգընկերներին և նախկին զուգընկերներին, այդ թվում՝ միասեռականներին (համասեռամոլներին), որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության, այսօր օրինական ամուսնություն գրանցել չեն կարող։ Այսինքն՝ սա, ըստ էության, նույն ձևակերպումն է, որը որ առկա է Ստամբուլյան կոնվենցիայում:
ՔՊ-ականները, ինչպես երևում է, որոշել են շուստռիության դիմել և սղղացնել Ստամբուլյան կոնվենցիան առանց հանրային ռեզոնանս առաջացնելու: Սակայն, եթե անգամ դա նրանց հաջողվի, ռեզոնանս կարող է առաջանալ հենց ՔՊ ներսում: Քանի որ անգամ իշխող քաղաքական ուժում առկա է մի թև, որը այսպես ասած՝ ազգային արժեքների պահպանման ջատագով է և դեռ այն գլխից դեմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը: Ակնհայտ է, որ եթե ՔՊ-ական պատգամավորների քառյակը գնա այս քայլին, ապա կարող ենք ականատես լինել ներթիմային նոր լարվածության: