Ազգային ժողովը ձայների 60 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը։ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը նախագիծը կուղակի նախագահին՝ ստորագրման։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ իշխանությունների այս որոշումը Հայաստանի համար:
ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին, միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի դեմ քրեական հետապնդում սկսելը թեժացրեց այն խոսակցությունները, որ Պուտինի՝ ՀՀ այցելության դեպքում նրան կալանավորում է սպասվում: Սակայն, պետք է փաստել, որ պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, երկրորդ՝ այդ մտահոգությունները ցրելու համար Երևանը նաև Մոսկվային ամիսներ առաջ առաջարկներ է ուղարկել, որոնք, կարծես թե, Կրեմլի սրտով չեն: Մոսկվայից կրկին սպառնացել են՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի կդիմեն։
Մինչ անդրադառնալը հնարավոր բացասական հետևանքներին, նշենք, թե իրավական տեսանկյունից ինչ հնարավորություններ է ստեղծելու Հռոմի ստատուտի ընդունումը Երևանի համար։ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, այսինքն՝ ՀՀ տարածքը կարելի է ասել որոշակիորեն երաշխիք է ստանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը։ Կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից: Արցախցիների բռնի տեղահանման հարցը ևս, Հայաստանի դիմումով Միջազգային քրեական դատարանը կարող է քննել։ Խոսքը գնում է այս դեպքում մարդկայնության դեմ ուղղված հանցագործության տարատեսակի մասին, այսինքն՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ, որը կանոնադրությամբ նախատեսված հանցատեսակ է, հանցագործության տեսակ է, և կա նաև նմանատիպ նախադեպ՝ Միջազգային քրեական դատարանի կողմից իրավազորությունը ճանաչելու: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ի ուղերձում պնդել էր՝ ստատուտին միանալն անկախությունը պաշտպանելու միջոցներից մեկն է, որն, ըստ վարչապետի, Հայաստանին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:
Սա՝ դրական հնարավորությունները, մինչդեռ ակնհայտ է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի Երևանի այս քայլը, որը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անվանել էր թշնամական: Ի՞նչ կարող է անել ռուսական կողմը և ինչ լծակներ ունի։ Նշենք, որ երկու շաբաթ Լարսում առկա կուտակումները դեռ ընդամենը ծիծեռնակներն են: Հերթում սպասում է 1214 բեռնատար մեքենա: Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ նախօրեին անցակետում սկսել են գործել արտահանման ճկուն մաքսատուրքեր՝ կապված ռուբլու փոխարժեքի հետ, որն էլ մեծ բեռնատարների կուտակումներ են առաջացրել, պարզաբանել են կենտրոնական կոմիտեից։
ՌԴ-ն կարող է գնալ նաև այլ, ավելի կտրուկ քայլերի, դիցուք՝ սահմանին գազի գնի թանկացմանը, արդյունքում՝ Հայաստանը սահմանին գազը կարող է գնել 1500 դոլարով: Իրանից գազի ներկրման ծավալները հնարավորություն չեն տալու ամբողջովին ծածկել պահանջարկը, բացի այդ՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի: Դմիտրի Պեսկովը օրերս արդեն իսկ ակնարկել է՝ Հայաստանից կողմից գազը արտոնյալ գներով ձեռք բերելու մասին:
Կարող են սահմանափակվել մասնավոր տրանսֆերտները՝ ՌԴ-ից Հայաստան: Այս տարվա ընթացքում շուրջ 3 միլիարդ դոլարի մասնավոր տրանսֆերտ է մտել Հայաստան և դրա առյուծի բաժինը հենց ՌԴ-ից է: Հասկանալի է, որ այս դեպքում այսպես կոչված՝ խոպանի փողերով ապրող բնակչությունը կանգնելու է սուր սոցիալական խնդիրների առաջ:
ՌԴ-ն կարող է Հայաստան վերադարձնել նաև տասնյակ հազարավոր ապօրինի միգրանտներին՝ էլ ավելի սրելով, սոցիալ-տնտեսական ճգնաժամը երկրում:
Այս ամենը հանգեցնելու է իշխանություններից դժգոհության սաստկացման, չի բացառվում նաև՝ սոցիալական բունտի, այն պարզ պատճառով, որ երկիրը կանգնելու է սոցիալական է էներգետիկ ճգնաժամի շեմին: Այն, որ Հռոմի ստատուտը կարող է դրական հետևանքներ ունենալ ՀՀ համար և ծառայել որպես լուրջ գործիքակազմ, փաստ է, սակայն փաստ է նաև, որ մեծանում են պատասխան հակահարվածի ռիսկերը, որոնց դեպքում հետևանքների ողջ ծանր բեռը ընկնելու է հասարակ ժողովրդի ուսերին: