Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը չի պատկերացնում Հայաստանի ապագան՝ առանց կազմակերպության։
«Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ մեծ թվով հայեր՝ մի քանի միլիոն, ապրում են Ռուսաստանում»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից։ Միևնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակը և վարչապետը ենթադրել են, որ «գուցե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից»։