Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը' զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։
Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման։