Չինաստանի Շանդուն նահանգում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին չորրորդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շիդաովանի ատոմակայանը հագեցած է բարձր ջերմաստիճանի գազով հովացվող ռեակտորով: Փորձնական ռեժիմում կայանը աշխատել է 168 ժամ, որից հետո այն հանձնվել է կոմերցիոն շահագործման։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էներգետիկայի պետական վարչությունը ժամանակակից ռեակտորի գլխավոր առավելությունն անվանել է նրա անվտանգությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։
Չորրորդ սերնդի միջուկային էներգիայի տեխնոլոգիաների հետազոտման, մշակման և օգտագործման ոլորտում Չինաստանը հասել է աշխարհում առաջատար մակարդակի։
Դեկտեմբերի սկզբին Ճապոնիայում բացվեց աշխարհի ամենամեծ փորձնական ջերմամիջուկային ռեակտորը՝ JT-60SA-ն։ Այն վեց հարկանի կառույց է, որը գտնվում է Նակա քաղաքում՝ Տոկիոյից հյուսիս։