ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջեւ հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաեւ 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաեւ Բերտրան Բուիքսը:
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող եւ ամրապնդվող հարաբերություններին, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձություններին՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է եւ տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարեւոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ այս դժվարին պահին Հայաստանի կողքին է: