Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին. Եվ այսպես

Հունվարի 1

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ, քանի որ հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի տարեմուտի ուղերձը։

Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին։ Հանրապետությունը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդներում:

Հունվարի 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հունվարի 3

Նիկոլ Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն է եղել, ապա վարչապետը այցելել է Ստեփանավան:

ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

Հունվարի 4

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Վարչապետը այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հունվարի 5

Հանրակրթության ոլորտում 2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. նախարարությունը մեկնարկում է նոր ձևաչափով ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրրության մի շարք հարցեր, նախանշվել են համագործակցության առկա հնարավորությունները:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին, նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

Հունվարի 6

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանակներում գործերի քննությունն իրականացվել է միանգամից մի քանի ուղղություններով։ Նա, մասնավորապես, նշել է, որ խոսքը 10-րդ, 18-րդ հրաձգային դիվիզիաների, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի գործողությանը հաջորդած իրադարձությունների, զորակոչի հետ կապված խնդիրների և այլնի մասին է:

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ և տեղի է ունեցել Ջրօրհնեքի արարողություն: