Մոտ երկու տարի առաջ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բայդենը եւ նրա թիմը ձեւավորեցին տպավորիչ կոալիցիա՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, ավելի քան 200 մլրդ դոլար ռազմական եւ տնտեսական օգնությամբ, ինչպես նաեւ ՌԴ դեմ կիրառված աննախադեպ պատժամիջոցներով: Նույն Բայդենը հայտարարում էր, որ օգնելու են ուկրաինացիներին կռվել մինչև վերջ: Միջազգային մամուլը կես կատակ, կես լուրջ ավելացնում էր՝ մինչև վերջին ուկրաինացին: Եվ այն ինչին այսօր ականատես ենք դառնում, ապացուցում է, որ ասվածը թերևս կես լուրջ էր: Այսօր Վաշինգտոնում նկատվում է քաղաքական կաթված եւ հանրապետականների աճող դիմադրություն Ուկրաինային հետագա ռազմական (էլ չենք ասում տնտեսական) օգնությանը, նրանք արդեն մի քանի ամիս արգելակում են Վաշինգտոնում լրացուցիչ օգնության հատկացման ջանքերը։ Ավելին, ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության հրամանատար Մարլովը, ով 14 ամիս ղեկավարում է Գերմանիայում Ուկրաինայի գծով ԵՄ ուսումնական հրամանատարությունը հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ ռազմաճակատում գտնվող ուկրաինացի 200 հազար պրոֆեսիոնալ զինծառայողներից ճնշող մեծամասնությունը կամ զոհվել է կամ վիրավորվել է: Այսօր առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի գերակշիռ մասը կազմում են քաղաքացիական անձինք, կամ լավագույն դեպքում, պահեստազորայիններ: Արևմուտքը փաստացի ձեռքերը լվացել է Ուկրաինայից և ընդամենը զբաղված է իր դաշնակցի կորուստները արձանագրելով:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ արևմուտքի աջակցության խոստումներին հավատացած հետխորհրդային երկրները հայտնվում են կատաստրոֆիկ իրավիճակում: Դիցուք՝ 2008-ին այդ նույն իրավիճակում հայտնվեց նաև Վրաստանը, որը վրաց-օսական հակամարտության ընթացքում կորցրեց ոչ միայն Հարավային Օսիան և Աբխազիան, այլ նաև տվեց 170 զոհ, 1964 վիրավոր: Այն ժամանակ էլ արևմուտքը զինելով Վրաստանին և աջակցության խոստումներ տալով՝ դրդեց ռազմական գործողություններ սկսելու: Այն, որ վրացական կողմը ոգեշնչված էր հենց արևմուտքից եկող խոստումներով հաստատել է նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 2017 թվականին տված իր հարցազրույցներից մեկում: Նա մասնավորապես նշել է, որ Սահակաշվիլին չէր գնա այս քայլերին առանց ԱՄՆ-ի որոշակի երաշխիքների։ Ըստ Բուրջանաձեի՝ Մաքքեյնի թիմը Սահակաշվիլիին սուտ խոստումներ էր տվել օգնության հնարավորության մասով։ Արդյունքում՝ Վրաստանի այն ժամանակվա նախագահը միանգամայն վստահ էր, որ օգոստոսի 8-ին Բուշը հեռուստատեսությամբ պատերազմ կհայտարարի Ռուսաստանին: Ինչպես գիտենք՝ դա տեղի չունեցավ: 2008-ի օգոստոսին ելույթ ունենալով CNN-ի եթերում Միխայիլ Սահակաշվիլին մեղադրեց արևմուտքին՝ Վրաստանին միայնակ թողնելու մեջ: «Իմ ժողովուրդը կարծում է, որ Արեւմուտքը լքել է նրան դժբախտության օրերին»- հայտարարել էր այն ժամանակ Սահակաշվիլին:

Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ Նիկոլ Փաշինյանի համառությունը 2020 թվականի պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունները մինչև վերջ շարունակելու նրա անտրամաբանական ցանկությունը նույնպես թելադրված էին արևմուտքից: Հույս դնելով արևմուտքի վրա՝ Փաշինյանը փաստացի մերժում էր հրադադար հաստատելու բոլոր միջնորդական ջանքերը և առաջարկությունները, այդ թվում ՝ ՌԴ նախագահի կողմից արվածները: Արդյունքը կորսված Արցախն է, հազարավոր զոհերը, տասնյակ հազարների հասնող փախստականները և աշխարհաքաղաքական խնդիրների թնջուկը, որոնց բախվել է Հայաստանը:

 

Ակնհայտ է, որ արևմուտքը գեղեցիկ խոսում է, սակայն, նույնքան գեղեցիկ էլ քցում է իր դաշնակիցներին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին և միայնակ կատաստրոֆիկ խնդիրների առջև: Փաշինյանի կուսակցությունը, հետայսու պետք է զերծ մնա 2020-ին թույլ տված սեփական սխալները կրկնելուց, երբ հավատալով արևմուտքի ամորֆ խոստումներին՝ ըստ էության երկիրը հասցրին կործանման շեմին և դեռ շարունակում են այդ կործանարար քաղաքականությունը: