ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարձակվել են Եմենի ապստամբ Անսար Ալլահի (հութիների) շարժման թիրախների վրա։ Արևմտյան երկու պետությունների ներկայացուցիչների խոսքով՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռադիոտեղորոշիչ կայանների դիրքերը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով:
Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը X-ի իր էջում հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը Անսարների գործողություններին։
Հութիները վստահեցրել են, որ պատասխան գործողությունների կդիմեն, եթե ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օդային հարվածներ հասցնեն Եմենին։