ՀՀ արտաքին գործերի նախարարությունն «անհարկի հարց» է որակում այն տեղեկությունը, ըստ որի, Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում հակառուսական մի շարք քայլերի համար:
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ-ն՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյո՞ք ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերման ու մի շարք այլ «հակառուսական քայլերի» դիմաց Բեռլինը ֆինանսական օգնություն է առաջարկել Երևանին ու արդյո՞ք ՀՀ օրակարգում կա ՌԴ ռազմակայանի դուրսբերման հարցը։
Խնդրել էինք մեկնաբանել նաև Հայաստանի՝ հակառուսական քաղաքականության մեջ ներքաշվելու վեաբերյալ տարածվող լուրերը։
Ի պատասխան Aysor.am-ի հարցմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով իր պետական շահերից։
«ՀՀ-ն կառուցում է իր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով իր պետական շահերից և նպատակ ունենալով պաշտպանելու ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»,- նշել են ԱԳՆ-ից։
«Հավելյալ՝ անհարկի հարցերի մեկնաբանումն ԱԳ նախարարությունը նպատակահարմար չի համարում», - ընդգծել են գերատեսչությունից։