Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7% - ը): 2020 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 604.127 նոր դեպք և 341.831 մահ:
Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակը ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառն է: Աճող ապացույցներ կան, որ ՄՊՎ-ն կարևոր գործոն է անոգենիտալ շրջանի այլ քաղցկեղների, ինչպես նաև գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման համար:
«Ընթացիկ գնահատականները ցույց են տալիս, որ ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է։ ՀՀ բնակչության շրջանում ՄՊՎ-ի տարածվածության մասին տվյալներ, ընդհանուր առմամբ, դեռևս չկան։ Այնուամենայնիվ, Արևմտյան Ասիայում, այն տարածաշրջանում, որին պատկանում է Հայաստանը, ընդհանուր բնակչության կանանց մոտ 2.5%-ը ներկայումս վարակված է արգանդի պարանոցի ՄՊՎ 16/18 վիրուսով, իսկ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 72.4% - ը կապված է ՄՊՎ 16 կամ 18 վիրուսի հետ:
Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):
Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: Մեկ տարվա ընթացքում 30-60 տարեկան մոտ 110,000 կին հետազոտվել է ՊԱՊ քսուքի միջոցով (ծածկույթը կազմում է մոտ 30%): 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:
ՀՀ-ում կանանց տոկոսը, ովքեր երբևէ անցել են Pap թեստը'37% (25-65 տարեկանների խմբում) և 39% 30-49 տարեկանների խմբում: Այն կանանց տոկոսները, ովքեր անցել են նշված հետազոտությունը վերջին 3 տարվա ընթացքում, համապատասխանաբար, եղել է' 26% և 29% (2019թ.):
Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:
Հարկ է նշել, որ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը 2015 թ.-ին սիստեմատիկ սկրինինգի ներդրումից հետո որևէ լուրջ փոփոխության չեն ենթարկվել:
ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում' մինչև 4 կամ ավելի քիչ' 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:
15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի
Կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում
Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:
Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են»,- նշել է Մուրադյանը։