Այն փաստը, որ «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է, արձանագրում է անգամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը երկու ամիս առաջ բյուջեի ներկայացման ժամանակ Փաշինյանը ոչ ուղիղ, սակայն ստիպված է եղել խոստովանել իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Կառավարության վերջին նիստի ընթացքում էլ վարչապետը խոսեց այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակացելուց և պայմանագրի մի շարք առանցքային կետեր դեռևս համաձայնեցված չեն: Ուշագրավն այն է, որ Բաքվից եկող մեսիջներն էլ են խոսում այն մասին, որ արևմուտքի հովանու ներքո ընթացող խաղաղության բանակցությունները փակուղում են հայտնվել: Ալիևը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է նոր ագրեսիայի դիմել ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ․ նրա սիրտը ոչ ավել, ոչ պակաս ՝ արևմտյան Ադրբեջան է ուզում: Բրյուսելից և Վաշինգտոնից հնչող լղոզված և ոչինչ չասող մեկնաբանություններն էլ փաստում են, որ արևմտյան միջնորդներին չի հաջողվում ներազդել Բաքվի վրա և վերջինիս բերել կառուցողական երկխոսության դաշտ և նրանք չեն կարող երաշխավորել, որ Ալիևը չի գնա հերթական էսկալացիայի:

Արդեն իսկ ակնհայտ է, որ արևմուտքի հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքելու շանսերը մոտենում են զրոյի, իսկ ահա՝ նոր պատերազմի հնարավորությունը օր օրի աճում է: Իհարկե, այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի, եթե Փաշինյանը ի սկզբանե հավատարիմ մնար խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատին և չմերժեր Մոսկվայի միջնորդական ջանքերը՝ նախապատվությունը տալով արևմտյան հարթակներին, որոնց առաջարկած խաղաղության պայմանագրի տարբերակը որևէ կերպ չէր բխում ՀՀ շահերից: Այն ենթադրում է վերջնական և անվերապահ հրաժարում Արցախից, արևմտյան կառույցների վերահսկողության ներքո «Զանգեզուրի միջանցքի» բացում, այսպես կոչված՝ անկլավների հանձնում Ադրբեջանին և մի շարք այլ՝ Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցող կետեր: Փոխարենը, արևմտյան տերությունները մեկը մյուսի հետևից հայտարարում էին, որ չեն պատրաստվում իրենց իսկ կողմից առաջ քաշվող խաղաղության պայմանագրի երաշխավոր կանգնել: Այսպես, լրագրողների ուղիղ հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն ստանձնել երաշխավորի դերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լղոզված պատասխան են տվել՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավվել երկկողմ ձևաչափով, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, որպեսզի այս երկրները հասնեն տևական, կայուն ու ամուր խաղաղության։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում միջնորդական տաղանդի հետ այդպիսի մեծ հույսեր էին փայփայում Փաշինյանն ու թիմակիցները, իր հերթին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԵՄ-ն ստանձնել խաղաղության երաշխավորի դերը:

Այս ֆոնին՝ Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել: Նիկոլ Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանի իշխանություններին կանգնեցրել են նոր փակուղու, իսկ Հայաստանին և հայ ժողովրդին՝ նոր պատերազմի շեմին: Քանի դեռ ուշ չէ՝ գործող քաղաքական թիմը պետք է դասեր քաղի իր սխալներից և դադարի Հայաստանի անվտանգության համար նորանոր սպառնալիքներ ստեղծել...