Ես ստացել եմ ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներն այն մասին, որ վարչակազմը կշարունակի զգուշացնել Ադրբեջանին՝ զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական գործողություններից։ Այս մասին նշվել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի պաշտոնական հայտարարությունում, որում նա պարզաբանել է, որ չի արգելի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հարցում։
«Չնայած Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը երկար ժամանակ հետաձգվում էր, դա երկար սպասված քայլ է ՆԱՏՕ-ի համար։ Ես, սակայն, նախկինի պես լուրջ մտահոգություններ ունեմ մեր դաշնակիցների՝ սիրիական քրդերի վրա Էրդողանի շարունակվող հարձակումների առումով, նրա ագրեսիվ գործողություններով Արեւելյան Միջերկրածովում եւ այն դերով, որը նա խաղաց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելով։ Ես երախտապարտ եմ Բայդենի վարչակազմին այն բանի համար, որ նա ժամանակ գտավ տեղեկացնել ինձ այս հարցերի վերաբերյալ եւ պատասխանել իմ հարցերին»,- նշվել է սենատորի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ չնայած ինքն ուրախ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարեցրել է ռազմական ինքնաթիռների ներխուժումը Հունաստանի օդային տարածք, ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է, որ շարունակում է ուշադիր հետեւել այս հարցին, որպեսզի նպաստի Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ շարունակվող երկխոսությանը։
«Ակնհայտ է, որ մենք պետք է ուշադիր հետեւենք Թուրքիային առաջիկա շաբաթներին եւ ամիսներին. գործողությունները խոսքից ավելիի մասին են վկայում»,- ասել է նա։