ՄԻՊ առընթեր Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամներն առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի նախանիստին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամները Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ նախանիստին։
Կոմիտեի նիստի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչը չափազանց կարևոր է հետագայում երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում երեխայի մասնակցության իրավունքի ապահովման տեսանկյունից։
Այցի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող մի շարք հարցեր քննարկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Դեսպանը ներկայացրել է դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, պատասխանել երեխաներին հուզող մի շարք հարցերի։ Երեխաները հանդիպել են նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով Խորհրդի անդամների այցելությունը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ' Հայասատում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի և «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ից 11-ը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակներում։