«Իրավական տեսանկյունից բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության»: Այս մասին Ամերիաբանկի և BOGG ֆինանսական խմբի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ Civilnet-ին տված հարցազրույցում ասել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Նա ընդգծել է, որ Ամերիաբանկում բաժնետեր է ոչ թե անձամբ Ռուբեն Վարդանյանը, այլ «Իմաստ Գրուպ»-ը, որի անունից որոշում են կայացնում իրավաբանական անձի կառավարման մարմինները:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա փորձագետի խոսքով' բաժնետոմսերն էլ իրենց հերթին հանձնված են հավատարմագրային կառավարման, այսինքն' «հավատարմագրային կառավարչի որոշումը լիովին բավարար է գործարքն անթերի իրականացնելու համար»:

«Ամերիաբանկում այլ խոշոր բաժնետերեր ևս կան, այդ թվում նաև խոշոր ինստիցուցիոնալ ներդրողներ' Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը' 17.71%, Ասիական զարգացման բանկը' 13.91%, Ի Էս Պի Էս Հոլդինգը' 12.05%, Աֆեյան հիմնադրամն է նաև բաժնետերերի կազմում: Եվ այս բոլոր սեփականատերերը վաճառում են իրենց բաժնեմասը Մեծ Բրիտանիայում ցուցակված BOGG ֆինանսական խմբին: Ինչու՞ պետք է վաճառեր, օրինակ, Ասիական զարգացման բանկը, եթե, ենթադրենք, գինը ձեռնտու չլիներ կամ այլ հանգամանքներ լինեին: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով' ես ռիսկեր չեմ տեսնում»,- եզրափակում է Կարեն Զաքարյանը: