Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու օրենքի նախագծին, ինչպես նաև՝ օրերս Գեղարքունիքի մարզում բնակվող արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից բողոքի ակցիայի իրականացմանը․

«Դժգոհությունների օբյեկտիվ հատվածին մենք, իհարկե, կարող ենք արձագանքել, բայց, ընդհանուր առմամբ, չենք կարող արձագանքել դժգոհությունների այն հատվածին, որը վերաբերում է նրան, թե քաղաքացիներն ինչու՞ պետք է հարկ վճարեն։

Նախ, ուզում եմ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր սիրելի քաղաքացիներին ասել՝ երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և մասնավորապես՝ Գեղարքունքի մարզ, պիտի որ նկատած լինեն, որ նույն մարզի ավտոմոբիլային ճանապարհները այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ։

2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել և սա միայն պետական ծրագրով։ Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե այս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք օրինակ՝ ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այսպես շարունակ։

Մասնավորապես, Մարտունի քաղաքի բնակիչները նկատե՞լ են, որ իրենց քաղաքում նոր բժշկական կենտրոն է զրոյից կառուցվել և արդեն աշխատում է, էդ ումա՞ սպասարկելու, առողջապահական հիմնարկի ծառայությունները ինչո՞վ են սպասարկվելու»,- նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետն ու նկատեց՝ 2018-ից մինչև այսօր այս բոլոր ծառայություններից օգտվում են արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները:

«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ ես չեմ ուզում հարկ վճարեմ»,-նշեց նա։