«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում' լսելով Զելենսկու' Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Բաբկեն Թունյան, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյան' կտրուկ մերժում էին խոսել, բոլոր հարցերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն անգամ հրաժարվեց խոսել:
«Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, եւ, ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Թունյանը: Ղալումյանը նկատեց' դեռ այցը պաշտոնապես հայտարարված չէ․ «Եթե լինի, կխոսենք, իսկ ենթադրությունները մեկնաբանել չեմ կարող»: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն է՞լ է ենթադրություն. վարչապետը խոսել է՝ հիմա պիտի մնա՞նք, թե՞ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում, փաստորեն, անվտանգային խնդիրներ ունենք, հետեւաբար… «Հետեւաբար պետք է սպասենք»:
Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը չի՞ սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Երեւանին չպետք է դա մտահոգի․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, էնպես պիտի առաջնորդվենք»:
Հիշեցրինք, որ, ըստ լուրերի, պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուկրաինական ֆոսֆոր է կիրառել Արցախում։ «Ո՞վ ասեց, հաստատվա՞ծ է»։ Հերքված էլ չէ։ «Իրենք էլ ասում են՝ Ռուսաստանի ֆոսֆորն ա դա եղել»,- անդրդվելի մնաց նա։
Ուկրաինայի նախագահի' մարտի 4-ին Հայաստան գալու մասին տարբեր աղբյուրներ են հայտնում։ Տեղեկությունն անցած շաբաթվա վերջին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը․ «Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»: