«Երբ ժամանակը գա, հայ-թուրքական սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը»։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։
«Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան իրականացվում են չվերթներ, ինչը նշանակում է՝ երկու երկրի քաղաքացիների միջև կապ, երկխոսություն կա: Սահմանների բացումը միակ քայլը չէ, մենք այլ քայլեր էլ ենք ձեռնարկում իրավիճակի կարգավորման համար։ Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ապրելու համար։
Այսինքն՝ ջանքեր գործադրվում են, և երբ գա ժամանակը, սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը», - նշել է թուրք դիվանագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը զուգընթաց Թուրքիան անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ:
«Սակայն անհրաժեշտ է տարածաշրջանում պատասխանատվություն ցուցաբերել, հակառակ դեպքում ջանքերն ապարդյուն կլինեն, ինչը նշանակում է, որ ոչ մի արդյունք չի լինի։ Պետք է դասեր քաղենք անցած երեսուն տարվա անհաջողություններից և դրանից հետո կարող ենք կենտրոնանալ դրական պահերի վրա: Եթե անցյալից դասեր չքաղենք, ամեն ինչ ապարդյուն է լինելու: Կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է հաշվի առնել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի վիճակը։ Կարծում եմ՝ կարելի է հաղթահարել որոշ տարաձայնություններ և շարունակել բանակցությունները, որոնել հարցերի լուծումը», - ասել է Քըլըչը: