Հայաստանից օդային տրանսպորտով ելքի համար պետական տուրքի վճարումների արդյունքում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ:

Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ուղղությունների համար օդի տուրքի ազատման մասին օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:

«Օդի տուրքի մասով նախորդ տարի մոտ 17 մլրդ դրամի կարգի գումար է հավաքագրվել: Դա գանձվում է ՀՀ տարածքից ելք անող ֆիզիկական անձանցից՝ ավիաընկերությունների կողմից: Կան որոշակի արտոնություններ, օրինակ՝ տարանցիկ փոխադրման դեպքում քաղաքացիներից չի գանձվում օդի տուրքը և այլն»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով նոր ուղղությունների համար տուրքը չգանձելու արտոնությանը՝ նա տեղեկացրեց, որ արտոնությունն աշխատել է շատ ուղղություններով, և այդ ուղղություններով կա հստակ ուղևորահոսք:

Պատասխանելով օդի տուրք գանձելուց հրաժարվելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը նշեց, որ տարբեր երկրներում օդի տուրքը տարբեր մեխանիզմներով կիրառվում է: Կոնկրետ Հայաստանում մուտքի համար օդի տուրք չի կիրառվում, կիրառվում է միայն ելքի համար: