Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային:
«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին սահմանափակվի միայն ներդրումներ կատարելով՝ չնայած նրան, որ այդ մասնակցությունն էլ այսօր ձգտում են հասցնել նվազագույնի, և վերջին տարիներին հստակ նկատվում է Սփյուռք-Հայաստան կապերի պասիվությունը: Վարդանյանը նշել է նաև, որ օրհասական պահերին մշտապես մեծ է եղել սփյուռքահայության ներգրավվածությունը հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, սակայն այսօր արվում է ամեն բան Սփյուռքի գործոնը զրոյի հասցնելու համար: Ըստ «Միասնություն» շարժման առաջնորդի՝ այս իրավիճակը պետք է փոխել և միահամուռ ուժերով մեկտեղելով ռեսուրսները՝ գտնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղին:
«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած ենք, պարտավորեցնում են մեզ լինել խելացի և օգտագործել մեր մրցակցային առավելությունները՝ ի դեմս հզոր Սփյուռքի»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել հայակենտրոն մտածողության վրա:
Ամրամ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած կառույցը այսօր ակտիվորեն աշխատում է վերը նշված նպատակները իրագործելու համար․ հայկական համայնքներում բացվում են համապատասխան կենտրոններ: Նմանատիպ կենտրոններ են բացվել նաև Հայաստանում՝ Երևանում, Սյունիքի, Լոռու և մի շարք այլ մարզերում։ Կառույցը, Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ մշակում է Հայաստանի զարգացման, Սփյուռքի հետ երկխոսության խորացման, համայն հայության համախմբման մեխանիզմները:
«Այս իրավիճակում յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ ապրում է Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, պարտավոր է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ դժվարին և ծանր ժամանակներում ենք ապրում:
«Մեր հայրենիքին կարող ենք օգտակար լինել միայն միասնական օրակարգով և մեր բազմաթիվ կապերի շնորհիվ, այդ թվում՝ համաշխարհային, տարբեր տրանսազգային ընկերությունների և կենտրոնների հետ, որտեղ հայերի դերը անչափ մեծ է, այդկերպ փորձենք դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից ու ուժեղացնել մեր երկիրը»,- նշել է Պետրոսյանը:
Արման Վարդանյանն, իր հերթին, կարևորել է «Հայկական սփյուռքի կենտրոն» հիմնադրամի գործունեությունը և «Միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու հիմնադրամի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում և հասնել գործնական լուծումների մշակմանը: Միայն միասնականությամբ և համայն հայության ընդհանուր տեսլականի ու գործնական քայլերի մեխանիզմների համադրմամբ կարող ենք օգտակար լինել մեր երկրին և զարգացնել այն»,-ասել է Վարդանյանը՝ անչափ կարևորելով նաև համահայկական ցանցային պլատֆորմների ստեղծումը, ինչը կդյուրացնի աշխարհով մեկ սփռված հայերի հաղորդակցությունը՝ այն դարձնելով առավել բազմաֆունկցիոնալ: