ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (մականունը՝ «Շմայս»-խմբ) որդու՝ Դավիթ Մովսիսյանի, նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ զինծառայողի սպանության վերաբերյալ ավելի քան չորս տարի քննվող քրեական վարույթով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանը մեղադրվում է ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի սպանության գործով։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 30-ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում էին, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքերին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: