«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել: Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից' դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, եւ ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։

Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը, քանի որ դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք է լինելու։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը եւ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաեւ հիմնավորող փաստաթղթեր, նյութեր:

Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, եւ դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»: