«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ: Նշվում է, որ ներկայում նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են կառավարության նշված որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները՝ ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:

Հայաստանի կառավարության 2022 թ.-ի փետրվարի 3-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և կառավարության 2011 թ.-ի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ն որոշման 3-րդ կետի՝ Առողջապահության նախարարի և համապատասխան մարզպետի համատեղ հրամանով հաստատվել են գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները, որոնցով Գյուղական բժշկական ամբուլատորիաներ/ առողջության առաջնային պահպանման կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հավակնորդներին սահմանվել են ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն բժշկական կրթություն՝ ներքին հիվանդություններ (թերապիա) կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ:

Կառավարության 2002 թ.-ի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վերանայել և արդիականացնել բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները:

Այս նախագծով վերանայվում և արդիականացվում են բժշկական օգնության և սպասարկման մեծերի ու մանկական սրտաբանական տեսակներով հիվանդանոցային և արտահիվանդանոցային, սրտային վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական տեսակներով հիվանդանոցային պայմաններում, անոթային վիրաբուժական տեսակով հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային պահանջները, նշված տեսակներով ցերեկային ստացիոնար պայմաններում գործունեության իրականացման համար նախատեսվում են սահմանափակումներ: Նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում: