«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը մի շարք ծառայակիցների հետ այցելել է Երևանի թիվ 185 հիմնական և 112 ավագ դպրոցներ՝ «Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ իրազեկման հանդիպումներ անցկացնելու նպատակով։
Տնօրենների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ շատ կարևոր է հասնել այն նպատակին, որ սովորութային նորմերը իրավական նորմերից ուժեղ չգտնվեն. աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու և հակահասարակական այլ երևույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները։
Հայաստանի Հանրապետությունում այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատություններում։
Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն դպրոցներում անցկացվելիք ավարտական միջոցառումների ընթացքում, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլ նաև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում իրավապահների խնդիրն է մանկավարժների և ծնողների հետ համագործակցված ապահովել աշակերտների անվտանգ օրը, որ չխաթարվի տոնական տրամադրությունը: