Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների մոտալուտ վերականգնման և երկու երկրների կառավարությունների միջև այս հարցի շուրջ պայմանավորվածությունների մասին տեղեկությունները ընդդիմադիր վրացական լրատվամիջոցների «թակարդն» են։ Այս մասին «Վեդոմոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարբեր կեղծ լուրերը»,- ասել են գերատեսչությունում։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցով, և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան աշխատակիցների ընտրությունն արդեն սկսվել է։
«Վրացական երազանքը» պաշտոնապես չի հաստատել Ռուսաստանում դեսպանատան բացման մասին լուրերը։