Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասված է Politico-ի հուլիսի 30-ի հրապարակման մեջ։

Պարբերականի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին՝ Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական համայնքի (EPC) չորրորդ գագաթնաժողովի շրջանակներում։

Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «վերջնական տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին սահմանների սահմանազատումն է: Սակայն Բրյուսելում հիասթափությունն աճել է այն բանից հետո, երբ ամիսներ տևած դիվանագիտական ճակատները չկարողացան հասնել երկար սպասված համաձայնության:

Չնայած Միշելի հետ հանդիպումներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չկարողացան հնարավորություն գտնել Միացյալ Թագավորությունում բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար, նշում է Politico-ն։

«Օրվա վերջում երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և համաձայնության գան, քանի որ ԵՄ խորհրդի նախագահ Միշելն արել է ԵՄ-ի կողմից հնարավոր ամեն ինչ խաղաղ համաձայնագրի հասնելու համար», - ասել է բարձրաստիճան դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ:

«Ներկայում Երևանի և Բաքվի միջև լարվածությունը կրկին աճում է։ Անցած շաբաթ Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին մեղադրեց ընդհանուր սահմանի երկայնքով իբրև թե «սադրանքների» մեջ և սպառնաց «անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել՝ օգտագործելով բոլոր ջանքերը:

Հայաստանն ասում է, որ այս մեղադրանքներն անհիմն են։

Ադրբեջանը նաև քննադատել է ռազմական աջակցությունը, որը ԵՄ երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, տրամադրում են Հայաստանին՝ փորձելով ուժերի հավասարակշռություն ստեղծել Հարավային Կովկասում»,- ասվում է հրապարակման մեջ։