Երևանն ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը, ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն՝ վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը, փոխելու իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։ Ինչպես գիտեք, այս գործընթացը վաղուց է ընթանում։ Մենք ունեցել ենք գրեթե երեք տասնամյակի միջնորդություն, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ երկու երկրները որոշեցին, որ բանակցությունները շարունակելու և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և ամենահեռանկարային ձևաչափը երկկողմանի ուղղակի ձևաչափն է։ Եվ այդ ժամանակից ի վեր եղել են որոշ նշանակալի ձեռքբերումներ, այդ թվում՝ վստահության ամրապնդման առումով»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Ըստ Ամիրբեկովի՝ եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը գտնվում է բանակցությունների սեղանին, կողմերը շատ մոտ են դրա ավարտին։ «Ուստի, մենք հուսով ենք, որ մնացած դժվարությունները կարճ ժամանակահատվածում պատշաճ կերպով կլուծվեն, և մենք կկարողանանք հասնել ապահով, կայուն և անշրջելի խաղաղության»,-ասել է Ամիրբեկովը։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ ժամանակ նշելն անտեղի է։

«Սա մեծապես կախված կլինի հայկական կողմի կարողությունից և պատրաստակամությունից՝ վերացնելու խաղաղության համաձայնագրի ավարտին մնացած միակ խոչընդոտը, այն է՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ինչպես արդեն նշվել է, խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերն իրագործելի են, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի, այն է՝ Հայաստանի Սահմանադրության պահանջների վրա։ Ուստի, որքան շուտ լուծվի այս հարցը, այնքան շուտ վերջնական որոշման կհանգենք»,- ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։