Oragir.news-ը գրում է․
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։
Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի տարեկան հայտարարագրերը։ Նշենք, որ օրերս Վահե Ղազարյանը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ նա Չարենցավանում մասնակցել էր հարսանիքի, եղել էր ամուսնացող զույգի քավորը և 20 հազար դրամանոցներով ճոխ «շաբաշ» էր արել։
Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանը 2018-ի մայիսից մինչև 2019-ի մայիսը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի, 2019-ի մայիսից մինչև 2020 թվականի հունիսը՝ ոստիկանության զորքերի պետի և փոխոստիկանապետի, 2020-ի հունիսից մինչև 2023-ի հունվարը՝ ոստիկանապետի պաշտոնը։ 2023-ի հունվարի 9-ին Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
Որպես անշարժ գույք՝ Վահե Ղազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 սեփական տուն Տավուշի մարզի Գեղահովիտ համայնքում, որը նա նվիրատվություն է ստացել 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, ինչպես նաև բաժնային սեփականությամբ արտադրական նշանակության շինություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ գնված 2005 թվականի հուլիսի 22-ին։ Տարեվերջին ինչպես սեփական տունը, այնպես էլ արտադրական նշանակության շինությունը պահպանվել են։
Տարվա ընթացքում Վահե Ղազարյանը ձեռք է բերել նաև 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Բնակարանին նախարարը տիրապետում է 90 օրից ավելի։
Որպես շարժական գույք՝ Ղազարյանը հայտարարագրել է 1989 թվականի արտադրության ZIL մակնիշի բեռնատար, որը նա գնել է 2021-ի հուլիսի 6-ին։ Տարեվերջին այս բեռնատարը պահպանվել է։
Ըստ հայտարարագրի՝ Վահե Ղազարյանը 35․692․000 դրամ անտոկոս փոխառություն՝ պարտքով գումար է տվել խոշոր կառուցապատող «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Ղազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 912․664 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 494․607 դրամի։ Որպես կանխիկ դրամ՝ տարսկզբին նա ունեցել է 11․000․000 դրամ և 8500 դոլար, տարեվերջին՝ 12․500․000 դրամ և 8500 դոլար։
Վահե Ղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 27․251․637 դրամ, որից 18․945․718 ՀՀ Ներքին գործերի նախարարությունից ստացած աշխատավարձն է, 3․679․370 դրամը՝ կենսաթոշակը, 1․875․600 դրամը՝ ՆԳՆ-ից ստացած միանվագ վճարը։ Բացի այդ, նախարարը որպես այլ եկամուտ հայտարարագրել է 2․750․949 դրամ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26․544․065, որը բնակարան ձեռք բերելու նպատակով ստացած հիփոթեքի արժեքն է։
Ղազարյանն իր տարեկան եկամուտներից 3․369․800 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Նախարարի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա նույնպես նշել է, որ 90 օրվանից ավելի ժամկետում տիրապետում է 1 բնակարանի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը Վահե Ղազարյանի հիփոթեքով ձեռք բերած բնակարանն է։
Վերջինս 22․000․000 դրամի փոխառություն է հանձնել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ընկերությանը, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Մելիքսեթյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 250․400 դրամ և 598 եվրո, տարեվերջին՝ 423․389 դրամ և 7 եվրո։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 2․000․000, տարեվերջին՝ 2․500․000 դրամ։
Լուսինե Մելիքսեթյանի տարեկան եկամուտը կազմել է 3․314․984 դրամ, որը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21․467․030, որը նույնպես բնակարան ձեռք բերելու նպատակով ստացած հիփոթեքի գումարն է։