ՀՀԿ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ որոշվել է, որ ՊՆ-ի պաշտոնը կշարունակի ղեկավարել Սեյրան Օհանյանը, իսկ արտաքին գործերի նախարար կնշանակվի Էդվարդ Նալբանդյանը:
Այս կապակցության մեկնաբանություն խնդրեցինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից, ով Սեյրան Օհանյանի վերանշանակումը նույն պաշտոնում անտրամաբանական և հիասթափեցնող է համարում :
Սաքունցի հիմնավորմամբ՝ Սեյրան Օհանյանը պաշտպանության համակարգում ոչ մի գործնական լուրջ քայլ չի արել, ինչը կարող էր հիմք տալ, որ նա վերանշանակվեր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, բացի մեկ բանից, որ վերջին մեկ տարում Սեյրան Օհանյանը փոխեց կարծիքը, թե «բանակը հասարակության հայելին է»:
«Նա սկզբում ասում էր, որ բանակը հասարակության հայելին է՝ արդարացնելով բանակում մահացության դեպքերը և հարաբերությունների առաջացման պատճառները: Հետո նա փոխեց կարծիքը, որ «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը ճիշտ չէ...Սրանից բացի որևէ այլ մոտեցում ինձ հայտնի չէ, որը հիմք կտար համոզմունք ունենալու, որ այս պահին դա այն նշանակումն է, որ կարող էր նպաստել իրավիճակի փոփոխությանը և այլն:
Զինված ուժերում անմիջական հսկողություն իրականացվում է քաղաքական ղեկավարության կողմից, և անձի իրական հատկանիշները շատ կարևոր են: Որևիցե նախաձեռնություն, որևիցե քայլ, որը գործնական տեսակետից կարող է նշանակություն ունենալ պաշտպանության գերատեսչությունում իրավիճակի փոփոխման առումով, անձամբ Սեյրան Օհանյանի կողմից աննկատելի է: Հանդիպումները մահացած զինծառայողների և զինվորների հարազատների հետ և այլն, ինչ-որ ընթացիկ քայլեր են, որոնք համակարգի վրա ազդեցություն ունենալու տեսակետից ոչինչ չեն կարող տալ: Ինքը անգամ պաշտպանության նախարարության կադրերի կողմից, հրամանատարների կողմից չի ընկալվում որպես այն մարդը, որը կարող է քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, կամ քաղաքականություն փոխել: Այսինքն' ես չգիտեմ՝ Ս. Սարգսյանը ինչպես է հիմնավորել, որ Սեյրան Օհանյանը պետք է շարունակի պաշտոնավորումը: Դա մեզ համար անակնկալ էր, կարծում էի, որ առաջին հնարավորության դեպքում նա կփոխեր Սեյրան Օհանյանին»:
Արթուր Սաքուցի խոսքերով՝ քանի պաշտպանության նախարարի փոփոխություն չկա, պաշտպանական համակարգում լուրջ փոփոխություններ և գործնական քայլեր ակնկալելը կլինի միամտություն: Բացառությամբ նրա, որ իրականացվի խորհրդարանական վերահսկողության ուժեղացում:
«Խոսքն այն մասին է, որ պառլամենտի դերը գործադիր իշխանության նկատմամբ ուժեղանա: Այսինքն' անմիջականորեն չպետք է նայել՝ ովքեր են գործադիրում, այլ թե ինչպիսի հարցեր են բարձրացնում, և ով է բարձրացնողը. բարձրացնողը պիտի լինի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև խորհրդարանը: Հետագա գործողությունները ցույց կտան, որոնք են այն հիմնավորումները, որ թույլ են տվել, որ Սեյրան Օհանյանը շարունակի աշխատել: Պետք է սպասել նաև կառավարության նոր ծրագրին՝ ինչ կետեր է ներկայացնում, որ ասենք' լավ հիմնավորված է, մինչև հիմա եղածը նման լավատեսության հիմք չի տալիս:
Շատ գործեր կան, և սա Սերժ Սարգսյանը պետք է կարողանա, հանձինս նոր կառավարության, հարցերի պատասխանը տա՝ որոնք են մոտեցումները նոր կառավարության կողմից, որոնք ներկայացվելու են հանրությանը և կտան մարդու իրավունքների վիճակին վերաբերող հարցերի պատասխանները: Եթե այդ մոտեցումները չտեսնենք, պետք է արտահայտենք մեր հիասթափությունը»:
Քրիստինա Մկրտչյան