«Հրապարակ» թերթը գրել է․

Շաբաթներ առաջ Երեւանի գլխավոր հատակագիծը, որպես չզեկուցվող հարց, ներկայացվեց ավագանու հաստատմանը, որն ընդունվեց ձայների 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հատակագծի մշակման այս 8 ամիսների ընթացքում Ճարտարապետների պալատը պահպանում էր լռություն եւ ոչ մի անգամ քննարկում չկազմակերպեց Երեւանի գլխավոր հատակագծի շուրջ։ Բացառություն է եղել պալատի վարչության անդամներով կազմակերպված քննարկումը' գլխավոր հատակագծի շուրջ, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վարչության անդամները քաղաքապետարանին գրավոր կներկայացնեն իրենց դիտողությունները։
Ու քանի որ քաղաքապետարանին օդուջրի պես պետք է Երեւանի գլխավոր հատակագիծը, որպեսզի քաղաքում քաղաքաշինական գործունեությունը չկանգնի, արագորեն այն ընդունվեց։

Ինչ վերաբերում է Ճարտարապետների պալատի վարչության անդամների դիտողություններին, ապա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ըստ էության, դրանք չեն ընդունվել, քանի որ ոչ մի էական դիտողություն չի արտացոլվել ներկայացված ու հաստատված գլխավոր հատակագծում։ Ըստ էության, պարզ է նաեւ, թե ինչու, քանի որ Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը ՔՊ ցուցակով ընտրված Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ հարց է, թե ում շահերն է ներկայացրել եւ ում շահերից է գործել քաղաքապետարանում։