ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան ելքով դեպքերի բացահայտման գրեթե 100%–անոց արդյունք ունենք։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Ընդ որում' այդ դեպքերը բացահայտվում են օրերի, անգամ ժամերի ընթացքում»,– վստահեցրեց նա։
Քյարամյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, որ վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճ կա։
«Դատախազությանն ուղղված հարցում եմ ուղարկել։ Ի պատասխան նշել են, որ 2020–24 թթ. ունենք ընդհանուր առմամբ 108 քրեական գործ, որոնցից միայն 7–ի հետ կապված կա մեղադրական դատավճիռ։ Ես կարծում եմ' բացահայտումներն են քիչ, ու դա է պատճառը, որ բանակում հանցագործությունները շարունակվում են»,– ասաց պատգամավորը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ 2023 թվականին ՀՀ զինված ուժերում եղել է հանցագործության 2 358 դեպք, մինչդեռ 2022 թ.' 4 570, այսինքն' թիվը 48.4 տոկոսով նվազել է։
Նա նաև տեղեկացրեց, որ 2023 թ. խաղաղ պայմաններում զոհվել է 22 զինծառայող, որից 15–ը' Ազատի հրդեհի դեպքի հետևանքով։
Ինչ վերաբերում է 2024 թվականի տվյալներին, ապա, ըստ Վարդապետյանի, հունվարից մինչ օրս զինծառայողների մահերի թիվը 26–ն է եղել, որից 6–ը սպանություն է եղել, 4–ը' հակառակորդի կողմից սպանություն, 4–ը' ավտովթար, 3–ը' հիվանդության դեպք, դժբախտ պատահարների 1 դեպք և այլն։