Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ֆայզո Օզմանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 48-ամյա Ֆայզո Օզմանյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի՝ 481 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել էր Աշտարակի կամրջի բետոնե հատվածին և մոտ 8 մետր բարձրությունից 20 մ ավտոմեքենայով ընկել էր ցած:
Վթարի վայրից ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը, հրամանատարի տեղակալ Սասուն Սարգսյանը և նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Ավդոյանը:
Ըստ փորձագետի հայտարարության՝ եթե վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում կապած լիներ ամրագոտին, ապա վնասվածքները կլինեին թեթև, քանի որ ուժեղ հարված էր ստացել նաև գլխի մասում: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ, ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան հաշվառված էր Հայաստանում գործող «Շտապ գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդը նշված ՓԲԸ-ի ղեկավարի տեղակալն էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի