Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում շախմատ դասավանդող Նարեկ Վարազդատյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս պատմեց աշխատանքից ազատման պատճառը.

«Ես այդ դպրոցում աշխատել եմ առանց աշխատանքային պայմանագրի, առանց որևէ դիմումի, ինձ շախմատի ակադեմիայից խնդրեցին, որ ես երեխաներին շախմատ դասավանդեմ, որպեսզի երեխաները չտուժեն: Ես միշտ հարցրել եմ տնօրինությունից՝ ինչո՞ւ աշխատանքային պայմանագիր չի կնքվում, սակայն իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան: Ընդհանուր 2 ամիս եմ աշխատել. բոլորը ստացել են իրենց աշխատավարձերը պլաստիկ քարտերով, ես միշտ կանխիկ եմ ստացել, նույնիսկ մատյանները չեմ լրացրել, քանի որ իրենց աշխատողը չեմ եղել: Կոնֆլիկտը սկսել է այն բանից, երբ ես 2/3 դասարանում տնային հանձնարարական եմ տվել. 34 աշակերտից 17-ն անպատրաստ էին եկել, ես էլ օրագրերի մեջ 2 եմ նշանակել:

Այդ երեխաների մեջ եղել են Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի թոռնիկները, ինչպես նաև՝ տնօրենի և ուսմասվարի թոռնիկները: Դրանից հետո ուսմասվարն ինձ իր մոտ է կանչել՝ պարտադրելով այդ դպրոցում 8-ից ցածր ոչ մի գնահատական չնշանակել, ինչին ես դեմ եմ եղել։ Այնուհետև ուսմասվարը նորից է կանչել իր մոտ և հրահանգել, որ տնային աշխատանք ընդհանրապես չհանձնարարեմ: Սակայն շախմատի ակադեմիայում սեմինարներին, քննարկումներին ուսուցիչներին բաժանված «ուսուցչի ձեռնարկներում» հստակ նշված է, թե որ դասի համար ինչը պետք է տնային աշխատանք հանձնարարվի, ինչն արվի դասարանում, նույնը՝ թեմատիկ աշխատանքի հարցում, որպեսզի թեման ավելի դյուրըմբռնելի լինի, ավելի հասկանալի լինի աշակերտների համար:

Ստացվում է այսպես, շախմատի ակադեմիան կոնկրետ սահմանում է տնային աշխատանքներ, իսկ Պուշկինի դպրոց հանրապետականացված կառույցում պարտադրում են ոչ միայն տնային աշխատանք չհանձնարարել, այլև՝ 8-ից ցածր գնահատական չնշանակել: Մեր ամբողջ կոնֆլիկտը սկսեց հենց դրանից:

Այնուհետև խնդրում եմ աշխատակիցներից մեկին, որ իմ գրքույկը փոխանցեն ինձ։ Ես չէի գնացել, քանի որ ըստ իմ արած հայատարությունների՝ ես այլևս չեմ մտնելու որևէ դպրոց, տեսնում եմ, որ ես ընդունվել եմ աշխատանքի Պուշկինի անվան դպրոց՝ 85-րդ հոդվածի համաձայն, բայց ես որևէ աշխատանքային պայմանագիր չունեմ իրենց հետ, որևէ դիմում չեմ գրել՝ աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Ապրիլի 11-ին ես ազատվել եմ աշխատանքից: Չկա օրենքին որևէ հղում, որի համաձայն ինձ ազատեին աշխատանքից: Գոնե գրեին՝ ֆեյսբուքյան գրառման համար են ազատել, բայց դա էլ չի գրվել, ուղղակի գրված է՝ «Ազատել աշխատանքից», և՝ վերջ, այլևս ոչ մի պատճառ:

Երկրորդ՝ եթե բացակայությանս համար է հեռացրել, ինքը դրա իրավունքը չուներ, 2 օր աշխատանքի չներկայանալու դեպքում իրավունք չունի ինձ հեռացնել աշխատանքից, քանի որ աշխատանքային օրենսգիրքն ասում է, որ ինքն իրավունք ունի ինձ տալ խիստ նկատողություն, ոչ թե ազատել աշխատանքից»:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է՝ քաղաքական քարոզչությամբ է զբաղվել դպրոցում, որն էլ ազատման պատճառ է դարձել, ուսուցիչը բացառեց այդ փաստը և հավելեց, որ այդ դպրոցում քաղաքական քարոզչությամբ հենց տնօրինությունն է զբաղվում:

Նելլի Ավետիսյան