Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Աղբյուրը' Իրավաբան.net