Hraparak.am. Գյումրիում ապրիլի 23-ին կատարված արյունալի դեպքերից հետո մենք տպագրեցինք «Շեկոն քրեական խմբերի վաղեմի թշնամության զոհն է» եւ «Մի քանի դրվագ կլանային պատերազմից» հոդվածները, որոնք լայն արձագանք գտան մամուլում եւ սոցցանցերում: Այդ հրապարակումները ոչ այնքան ապրիլի 23-ի դեպքերի մասին էին, որոնք համակողմանի լուսաբանվեցին մամուլում, որքան տարիների ընթացքում կատարված մի քանի սպանությունների, բանդիտիզմի դրվագների, որոնք չեն բացահայտվել եւ կապված էին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավորների, նրա եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջեւ վաղեմի թշնամության հետ: Մարտուն Գրիգորյանի գրասենյակը նախօրեին մի լալահառաչ տեքստով արձագանքեց մեր հոդվածներին՝ պատվեր կատարելու մեջ ծիծաղելի մեղադրանքներով հանդերձ (քննադատության թիրախում հայտնվածը գրեթե ոչ մի նախադասություն չի հերքում, միակ միտքը 5 մանեթանոց լացողի բացականչությունն է. «Ուզածներդ ի՞նչ է, մի փամփուշտ էլ երեխային կպներ, որ սրտներդ հովանա՞ր, որ զսպվեի՞ք»), թեեւ մեր նյութերում ոչ երեխա կար, ոչ էլ անհարկի արտահայտություններ որեւէ մեկի մասին: Արձագանքը մեզ զարմացրեց, քանի որ նյութերը տպագրելուց առաջ բազմիցս զանգահարել էինք պատգամավորին եւ անպատասխան մնացել: Այսքանը բավարար կլիներ գրասենյակի բարոյախրատական եւ զգացմունքային մեղադրանքներն ուղղակի անտեսելու համար, եթե ԱԺ պատգամավորն ու հանձնաժողովի նախագահը մեզ չմեղադրեր անբարեխղճության, սուտ տեղեկություններ տարածելու մեջ եւ պարկեշտության սահմանները չանցներ: Ուստի հիշեցնում ենք.
1. Գրել էինք, որ Գյումրիում ասում են, թե քաղաքի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Հարությունյանը, որի որդուն՝ Փայլակին, 2008 թվականին ԱՄՆ-ում սպանեցին մեքենայի մեջ, մահացավ տղայի վշտից: «Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանը մահացել է որդու կորստից 10 ամիս առաջ, ինսուլտից»,- գրում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը, թեեւ մենք չէինք գրել, որ որդու մահն է նրա մահվան պատճառը: Վշտի պատճառը ոչ միայն մահը կարող է լինել, այլ այն ճակատագրական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան երիտասարդի կյանքի վերջին փուլում: Հետաքրքիր զուգադիպությամբ, երկու անձինք՝ Փայլակ Հարությունյանը եւ Արթուր Հովսեփյանը, ովքեր ներկա են գտնվել ախուրիկցի Ժիրայր Հովհաննիսյանի եւ Մարտուն Գրիգորյանի հորեղբոր՝ Սերոբ Գրիգորյանի փոխհրաձգությանը եւ մահվան տեսարանին, հետագայում հայտնվեցին արտասահմանում: Մեկը՝ Լոսում, մյուսը՝ Մոսկվայում: Ապա երկուսն էլ մահացան: Արտյուշը ցած ընկավ 10 հարկանիի պատուհանից, իսկ Փայլակին «պատահաբար» սպանեցին տարիներ անց փոխհրաձգության ժամանակ: Գրասենյակի «հերքումից» հետեւում է, որ Մարտուն Գրիգորյանը հստակ գիտի, թե երբ, որ օրն են խփել 29-ամյա Փայլակ Հարությունյանին, եւ դրանից որքան ժամանակ առաջ է մահացել նրա հայրը:
2. Գրասենյակը «տատիկից» լսած պատմություններ է համարում «Բոշի կռուգի» ռազբորկան, Մարտուն Գրիգորյանի՝ «իրավապահ համակարգում» բուն դրած ազգականների, «դատախազի տրաքացրած մեքենայի» եւ այլ պատմությունները, որոնց մասին գրել ենք, եւ չարախնդալով հայտարարում է. «Այս ամենն ո՞վ է ապացուցելու, երբ այդպիսի խնդիր դրվի, ո՞ր հավաստի աղբյուրը»: Մինչդեռ Գյումրին փոքր քաղաք է, եւ այդ բոլոր պատմությունները ոչ միայն «տատիկներն» են հիշում, այլեւ շատ ավելի երիտասարդները: Դրանց մանրամասները կարելի է գտնել ոստիկանությունում՝ քրեական գործերի հատորներում: Հաստատապես գրվել է իրականության մի քանի տոկոսը: Բայց այսօր մեջբերենք միայն հրապարակվածը, որոնք «գրասենյակը» չի հերքել: Գյումրու ԳԱԼԱ հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատգամավորը հայտարարել է, որ հայրը՝ Կամոն, ինքնապաշտպանության է դիմել 2000թ., երբ սպանվեց Խաչատուր Մուրադյանը: «Ազգային գաղափար» էլեկտրոնային օրաթերթը 2012 թվականի ապրիլի 25-ին գրել է. «Իր (Մարտուն Գրիգորյանի) հայրիկն ու մյուս «բեսպրեդելշչիկները»՝ թվով 10-15 հոգի, «ռազբորկայի» էին կանչել Խ. Մուրադյանին, որը մեն-մենակ էր եկել: Երեւի «խեղճ» Կամոն ինքնապաշտպանվել էր, որովհետեւ մահացու կրակոցն արձակել էր իր սիրասուն բալիկը' 19-ամյա Մարտունիկը, եւ փրկվել Անիի ոստիկանապետ Սամվել Սարգսյանի ջանքերով»: Բոլորովին նոր դեպք «Գյումրին ես եմ» քաղաքացիական նախաձեռնության էջից, որը նույնպես չի հերքվել գրասենյակի կողմից. «Փետրվարի 20-ին Գյումրու կենտրոնական' Բոշի կռուգ կոչվող մասում, «ռազբորկա» է կազմակերպվել թաղային հեղինակություններից մեկի' Ցմիի տղայի շրջապատի եւ Բոշի կռուգի տղաների միջեւ: Վեճի ժամանակ հնչել են կրակոցներ: Ակտիվ մասնակից է եղել Ցմիի տղան եւ նրա ընկերը' Պետիկը, ով շուրջ 6 ամիս փախուստի մեջ է գտնվել: Ի դեպ, Ցմին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է»:
3. Բացահայտելով Մարտուն Գրիգորյանի ազգակցական-խնամիական կապերն իրավապահ մարմիններում, գրել էինք, որ ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը նրա քեռին է: Գրասենյակն ուղղում է. «Բացատրենք. նա Մարտուն Գրիգորյանի հոր հորեղբորորդու տղայի կնոջ քեռին է»: Շատ էական այս ուղղումն ընդունում ենք, չնայած վատ չէր լինի, եթե նման արժեքավոր ճշտումներ կատարվեին Մարտուն Գրիգորյանի ազգականներին առնչվող սպանությունների, քրեական դեպքերի, դրանց քննության տարօրինակ ընթացքի վերաբերյալ մեր գրած փաստերի առնչությամբ, բացատրվեր, թե ինչու են սպանվածների հարազատները վախենում խոսել ողբերգական միջադեպերի մասին, իսկ նրանցից մեկը, որին փոխանցել էինք մեր խնդրանքը՝ ներկայացնել իր հարազատի խորհրդավոր մահվան հանգամանքները, ասաց. «Նրանց ձեռքերը երկար են»: Երեկ, սակայն, հարազատներից մեկի հետ հաջողվեց զրուցել: Մեր հրապարակումներում անդրադարձել էինք տարիներ առաջ «Ֆլամինգո» սրճարանի համար տեղի ունեցած «ռազբորկային», որն ավարտվեց սրճարանի տիրոջ՝ Խաչատուրի սպանությամբ: Այն իր վրա էր վերցրել Մարտուն Գրիգորյանի հայրը, որի գործողություններն իրավապահները որակեցին որպես ինքնապաշտպանություն: Պատգամավորի մարդիկ՝ մոտ 20 հոգի, Խաչիկ Մուրադյանին կանչել էին քաղաքից դուրս, որտեղից նա էլ հետ չեկավ: Զանգահարեցինք Խաչատուրի եղբորը՝ Հարություն Մուրադյանին: Նա մեզ հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել 2000-ին: «Իրավապահներն ինքնապաշտպանություն «սարքեցին», այն դեպքում, երբ նա մենակ էր իրանց թիմի մեջ, մենակ ընկել էր իրենց ոհմակի մեջ: Ու դա որակվեց որպես ինքնապաշտպանություն: Ինքը հարձակվել է մենակ էդ քանի հոգու վրա, նրանք էլ պաշտպանվել են: Ես չգիտեմ, թե էդ ձգանն ով է քաշել, դա էդպես էլ չպարզվեց: Դատը Երեւանում է եղել: Իմ հայրն է գնացել դատերին: Մենք սպասում էինք, որ արդար դատ կկատարվի, բայց չկատարվեց: Ինքը (Մարտուն Գրիգորյանը) կոնկրետ չի եղել այդտեղ կռվի ժամանակ, իրենց մեծերն են եղել»: Հարություն Խաչատրյանը հերքեց մեր տեղեկությունը, թե հանցագործները նպատակ են ունեցել սրճարանը վերցնել Խաչիկի ձեռքից: «Դա հնից եկած թշնամություն էր, երիտասարդ ժամանակից եկած հարցեր էին, քաղաքային հարցեր, Մարտուն Գրիգորյանի հոր եւ Խաչատուրի միջեւ էր: Ո՞վ է սպանել Խաչիկին: Եթե իրենք չեն եղել, ինչո՞ւ էին իրենց կանչում դատարան»,- ասաց նա:

Խմբ. կողմից — Այսքանից հետո մեզ մնում է զարմանալ տարիներ շարունակ Գյումրին հանցավոր խաղերի ասպարեզ սարքած տեղական օլիգարխիկի լկտիության վրա, որը «Հրապարակ» օրաթերթի հասցեին ասում է՝ «լեշ տեսած բորենու նման հարձակվել է պատգամավորի վրա»: Բորենիներն անպատժելիությունից հաբռգած, կրիմինալի հետ սերտաճած եւ օրենսդիրի պատմուճանի տակ երկիրն անդունդի եզրին հասցրած գործիչներն են, որոնք ամեն ինչ անում են խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ