Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հաջողված է համարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ Սահակյանը։

«Մեկ-երկու բացառություն հանած՝ կարող ենք ասել, որ անցել է կոռեկտության սահմաններում: Ցավալի է, սակայն, որ սև փիառ ևս կիրառվեց. որոշ մարդիկ փորձեցին պայքարել նաև Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ»,-ասաց Սահակյանը:

Անդրադառնալով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ըստ իրեն՝ Տարոն Մարգարյանն ազնիվ ձևով է հայտարարագրել իր ունեցվածքը։

«Բարձրաձայնե՛ք այն մարդկանց ունեցվածքի մասին, ովքեր չեն հայտարարագրել, թե ինչ ունեցվածք ունեն: Կարծում եմ՝ պետք է ողջունելի լիներ, որ մարդը, ով քաղաքապետի թեկնածու է, ազնիվ ձևով է հայտարարագրել իր ունեցվածքը, իսկ մնացած հարցերի պատասխանը իրավապահ մարմինները կտան»,-ասաց Սահակյանը: