Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանը երեկ բողոք էր ներկայացրել Աշխատանքի պետական տեսչություն: Դիմումը վերցրել, մակագրել և կնքել է տեսչության պետի օգնականը: Աշխատանքի պետական տեսչությունը խոստացել է գործին սեղմ ժամկետներում ընթացք տալ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Նարեկը նշեց, որ եթե արդարությունը վերականգնվի, իրենք ևս մեկ անգամ կհավաքվեն տեսչության դիմաց' շնորհակալության խոսք ասելու:
Տեղեկացրեց, որ մոտ օրերս դիմելու է նաև դատարան: «Բողոքարկելու եմ, թե իմ գրքույկի մեջ ինչու է գրվել 85-րդ հոդվածը' առանց աշխատանքային պայմանագրի: Ինչ իրավունք ուներ առավել ևս գրառում անել աշխատանքի ընդունվելու կամ ազատվելու վերաբերյալ: Տնօրենը պնդում է, որ իր հրամանի հիման վրա է ընդունվել աշխատանքի: Այն ես պետք է տեսնեի, ծանուցվեի, առավել ևս' գրեի, որ ծանոթացա հրամանի հետ և ստորագրեի: Նման բան չկա: Հրամանին չեմ ծանոթացել: ԱՕ կոպիտ խախտում է արել տնօրինությունը, իմ աշխատանքային գրքույկում կեղծ հղումներ է արել օրենքին: Իմ կարիերան վտանգի տակ է դրել: Ես պահանջելու եմ դատարանից, որ նաև շտկվեն իմ աշխատանքային գրքույկում տեղ գտած սին և կեղծ գրառումները: Իսկ թե լրացուցիչ էլ ինչեր եմ պահանջելու, առայժմ դա չեմ բացահայտի»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել տնօրենը. «Թիվ 48, թիվ 65 հրամանները, որոնց համաձայն' ինձ ընդունել և ազատել է աշխատանքից, հաշվետվությունը, նամակում գրել է, որ վերջնահաշվարկի ընթացքում ևս 27 000 դրամ ունի ստանալու»: Տեղեկացրեց, որ իր փաստաթղթերով զբաղվում է փաստաբանը, ինքը մանրամասն տեղյակ չէ:
«Գրել էր մի փաստ, որն ինձ մոտ ծիծաղ առաջացրեց: Գրված էր' քանի որ ես չեմ ներկայացրել բանկային հաշվեհամար, այդ իսկ պատճառով այդ 27 000 դրամ գումարը կարող եմ ստանալ ես' կազմակերպություն մուտք գործելով, ներկայացնելով հաշվեհամար կամ իմ լիազորված անձով: Հետաքրքիր է, որ մինչև հիմա նրանք պնդում են, որ ես չեմ ներկայացրել հաշվեհամար»,- ասաց նա;
Հետաքրքրվեցինք' եթե 2 ամիս ինքը աշխատել է դպրոցում, արդյոք դա համաձայնության նշան չէ արդեն իսկ, պատասխանեց. «Ո´չ, դա համաձայնություն չի նշանակում, որովհետև ես ժամանակ առ ժամանակ դիմել եմ տնօրենությանը, ինչո՞ւ ոչ' նաև իր քարտուղարուհիներին, հարցրել եմ' ինչու ես դիմում չեմ գրում, իմ աշխատանքային պայմանագիրը չի կապվում, նրանք պատասխանել են' իրենք կասեն, թե երբ է պետք դիմում գրել և աշխատանքային պայմանագիր կապել: Իրենք ինձ ասացին նաև հետևյալը. այն փաստաթղթերը, որոնք առաջնային էին, դու արդեն տվել ես»:
Նարեկ Վարազդատյանը հերքեց տեղեկությունն այն մասին, թե իրեն հրավիրել են փաստաթղթեր ստորագրելու, բայց ինքը չի ներկայացել. «Ինչպես Սերժ Սարգսյանը Գյումրիում խփեց, այնպես էլ դպրոցի տնօրենն է փորձում խփել: Դա իրեն հաստատ չի հաջողվելու, որովհետև բումենարգն ունի շատ լավ հատկություն: Եթե ինքը որպես տնօրեն ինձ կանչած լիներ գրելու, ստորագրելու, ու ես չգնայի, հաջորդ օրը նա հաստատ կասեր' իմ ուսումնական հաստատություն մուտք մի գործի»:
Արմինե Վարդանյան