Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Ս.Ավդալյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, և հայտնել, որ 2004 թվականի սեպտեմբերի 14-ից աշխատել է Բագրավանի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ։ Դպրոցի տնօրենը ապօրինի կարգով իրեն ազատել է աշխատանքից, սակայն դատարանի վճռով վերականգնվել է նախկին աշխատաքին և, 20.02.2006 թվականին ԴԱՀԿ ծառայության միջամտությամբ իր և դպրոցի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր։ 20.02.2006թ-ին դպրոցի տնօրենին դիմել է խնդրանքով, որ իրեն արձակուրդ տրամադրի։ Արձակուրդը լրանալուց հետո ինքը ներկայացել է դպրոց, սակայն դպրոցի տնօրենը իրեն արգելել է դպրոց մտնել: Բանը հասել է նրան, որ նրա կարգադրությամբ հայցվորին ծեծի են ենթարկել և ինքը ստիպված դիմել է իրավապահ մարմիններին՝ իր անվտանգությունը ապահովելու նպատակով։ Որից հետո նա հայտարարել է, որ ինքը աշխատանքից ազատված է համաձայն' 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանի։

Հայցվորի խոսքով՝ տնօրենը ոչ միայն կեղծիք է կատարել և չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այլ նաև երկար տարիներ տարբեր դատական ատյաններում սուտ ցուցմունքներ է տվել այս կապակցությամբ և դատարանին գցել մոլորության մեջ։ Հայցվորը խնդրել է դատարանին առոչինչ ճանաչել 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանը, որի համաձայն իրեն ազատել են աշխատանքից:

Ըստ դատարանի հիմնավորումների՝ Հայցվորը դպրոցի տնօրինությունից պահանջել է արձակուրդ տրամադրելու և աշխատանքից ազատելու հրամանները, սակայն մերժվել է։ 19.10.2010 թվականին դիմել է վարչական դատարան պարտավորեցման հայցով և վճռի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունը 17.02.2011 թվականին առձեռն իրեն է հանձնել 10.04.2006 թվականի թիվ 1 հրամանի քաղվածքը։ Իր դատարան դիմելու իրավունքը ծագել է նշված օրվանից և խնդրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն իրեն վերականգնել իր նախկին աշխատանքին՝ «Բագրավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Ս.Ավդալյանը դատարանին նաև հայտնել է, որ թիվ 1 հրամանի քաղվածքը ստանալուց հետո է իրեն պարզ դարձել, որ աշխատանքից ազատել են օրենքի խախտմամբ:

Թիվ 1 հրամանով ինքը ազատվել է, ապա մեկ անգամ ևս հայցվորը ինքն է հաստատում, որ աշխատանքի է ներկայացել չվճարվող արձակուրդի 30 օրյա ժամկետի խախտումով' 10.04.2006 թվականից հետո, որի պատճառով էլ նրան գրավոր նախազգուշացրել են վերադառնալ աշխատանքի: Վճռի դեմ սույն գործով հայցվոր Սուրեն Սանասարի Ավդալյանը վերաքննիչ բողոք է բերել: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է: ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ Սուրեն Ավդալյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եվ վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Նշվածն ինքնին բավարար համարելով հայցը մերժելու համար դատարանը եզրակացրեց, որ կողմերի ներկայացուցիչների ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է:

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net