Նախախորհրդարանի անդամները այսօր կշարունակեն իրենց քաղաքական-քաղաքացիական զբոսանքը Երևանի Կենտրոն համայնքում: Երթի միջոցով անդամները իրազեկում են իրենց ծրագրերի և անելիքների մասին և իրենց գաղափարներն են տարածում ՀՀ քաղաքացիների շրջանում:
Այս եղանակով Նախախորհրդարանը նաև փորձում է չեզոքացնել իշխանական լրատվամիջոցների սահմանած «բլոկադան»:
Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Նախախորհրդարանի անդամ Սյուզաննա Սիմոնյանը:
«Այսօր ընտրվել է Կենտրոն համայնքը: Ամեն օր երկու համայնք ենք այցելելու: Բակային հանդիպումներ, զրույցներ են նախատեսվում քաղաքացիների հետ: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի բլոկադա գոյություն ունի հեռուստաալիքների կողմից մեր նկատմամբ: Եվ այս ակցիաները մենք հարկադրված ենք իրականացնել, քանի որ քաղաքացիները ի վերջո պետք է իրազեկվեն մեր գործունեության վերաբերյալ: Մենք կանգ չենք առնելու, մենք հաստատակամ ենք և օգտագործելու ենք ցանկացած մեթոդ, մեզ հասանելի ցանկացած գործիք մեր պայքարը տանելու և համակարգափոխության հասնելու ճանապարհին»:
Ինչպես հայտնի է, Նախախորհրդարանը հայտարարել է, որ անցնում է պայքարի ակտիվ փուլ, առայժմ նպատակ ունի հասարակության ինքնակազմակերպման աստիճանը բարձրացնել և այնուհետև ստեղծել նոր իշխանություններ:
Մեկնարկը տրվել է Գյումրիից, իսկ երեկվանից Նախախորհրդարանի ներկայացուցիչները սկսել են երթեր կազմակերպել մայրաքաղաքում:
«Երթի նպատակը Նախախորհրդարանի նպատակների, անդամների և առաջիկա անելիքների մասին մարդկանց իրազեկելն է և դրսում ժողովրդի հետ շփումը: Երթը սկսվեց Ալեք Մանուկյանի վրա գտնվող մեր գրասենյակից: Մասնակցում էին և ՆԽ անդամները, Գարեգին Չուգասզյանը, քարտուղարության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը: Անցանք Սայաթ-Նովա փողոցով, եկանք Ազատության հրապարակ, որտեղ այցելեցինք նստացույց անող ազատամարտիկներին, որից հետո Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Աբովյան, Հյուսիսային պողոտա, Սայաթ-Նովայով եկանք դեպի գրասենյակ: Երթը մեր ուզած ձևով չընթացավ միայն այն առումով, որ սկսվեց տեղատարափ անձրև Հանրապետության հրապարակից: Իրազեկում էինք պաստառներով և թռուցիկներ էինք բաժանում:
Մինչև անձրևը սկսելը մարդիկ նույնիսկ վանկարկում էին, որ մեզ հետ են, և աջակցում էին, հաճույքով վերցնում թռուցիկները: Սակայն վերադարձի ժամանակ, անձրևը սկսվելուց հետո իրազեկումը կարծես դադարեց արդյունք տալ հասկանալի պատճառով»:
Սյուզաննա Սիմոնյանը փոխանցեց նաև, որ բացի երթերից շաբաթվա ընթացքում իրենք կմասնակցեն բնապահպանների նկատմամբ հարուցված դատական գործի հետ կապված ակցիաներին:
«Ընդհանրապես վերջին օրերին կտրուկ աճել է հասարակության հետաքրքրությունը մեր գործունեության նկատմամբ: Եվ շարունակելու ենք ակտիվ իրազեկումը մինչև մայիսի 17-ի հանրահավաքը Ազատության հրապարակում, որտեղ հրավիրելու ենք ՀՀ քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաքից»:
Քրիստինա Մկրտչյան