Այսօր Աբովյանում տեղի կունենա Ծառուկյանների ընտանիքի կողմից կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:
Օծման արարողությանը ներկա կգտնվեն Հայաստանի և Բելառուսի նախագահները։ Վերջինս Հայաստան է ժամանել հատուկ այդ նպատակով։ Հրավիրվածների թվում են նաև ՀՀ առաջին և երկրորդ նախագահները։ Աբովյանի նորակառույց եկեղեցին, Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, կօծի Գարեգին Բ-ն: Եկեղեցու օծման արարողությունից հետո տեղի կունենա նաև «Փարավոն» համալիրի բացումը։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը Լուրեր.com-ի հետ զրույցում երեք նախագահներին հրավիրելու Ծառուկյանի քայլը բարեկրթության քայլ համարեց։
«Բնականաբար, մեծ եկեղեցի է կառուցել, որը կրոնական նշանակություն ունեցող շինություն է, և ելնելով ոչ քաղաքական, այլ զուտ բարեկրթության դրսևորումներից՝ դիմել է երեք նախագահներին, որպեսզի գան և մասնակցեն այդ եկեղեցու բացման արարողությանը»,-ասաց Բադալյանը։
Վերջինիս խոսքերով՝ այս ամենի տակ քաղաքական ենթատեքստեր գտնելն իմաստ չունի։ «Ինչ-որ քաղաքական ենթատեքստեր գտնել, թե քաղաքական դաշտում միավորման կամ ինչ-որ գործընթաց է գնում, իմաստ չունի»,-ասաց Արմեն Բադալյանը։